Ահաբեկչությունների հնարավորությունը բավական մեծ է. տարածաշրջանային հարցերով փորձագետ
«Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները պայմանավորված են մի շարք արտաքին և ներքին իրողություններով. դրանք լավ կազմակերպված հարձակումների շարք էին, որոնց կանխարգելումը հնարավոր չեղավ նաև բելգիական հատուկ ծառայությունների գործունեության մեջ առկա լուրջ թերացումների պատճառով»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների թեման:
Փորձագետի կարծիքով՝ «Ակնհայտ է, որ որոշ երկրներում, այդ թվում նաև՝ եվրոպական մի շարք քաղաքներում ահաբեկչական սպառնալիքը բավական բարձր աստիճանի է հասել, այդ մասին վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմիցս ահազանգել են ինչպես միջազգային նշանակության, այնպես էլ՝ մի շարք երկրների հատուկ ծառայություններ: Եվ նման պայմաններում միմյանց հետ փոխկապակցված, այդպիսի կազմակերպաված գործողությունների իրականացումն, անշուշտ, խոսում է նաև բելգիական անվտանգային ծառայություններում առկա լուրջ խնդիրների մասին»,- նշեց Պետրոսյանն, ապա հավելեց.«Վերոնշյալի առումով, կարելի է որոշակի համեմատականներ անցկացնել նաև 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետ, որոնք ևս, ի դեպ, ծրագրվել և նախապատրաստվել էին հենց Բելգիայի տարածքում, և դրանց իրականացման հարցում դարձյալ բավական մեծ բաղադրիչ պատկանում է բելգիական և ֆրանսիական հատուկ ծառայությունների ֆունկցիոնալ թերացումներին»:
«Իսկ առհասարակ ամբողջ աշխարհում ահաբեկչական սպառնալիքի նման բարձր մակարդակը մեծապես պայմանավորված է Մերձավոր Արևելքում ներկայում ծավալվող գործընթացներով՝ սիրիական հակամարտությունը, «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գործոնը, Սիրիայից և Իրաքից չդադարող միգրացիոն հոսքերը և այլն»,- նկատեց մեր զրուցակիցն, ապա մանրամսնեց. «Բանն այն է, որ հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում, բավական բարդ իրավիճակում է հայտնվել ԻՊ-ը, որը լուրջ վնասներ է կրում իր դեմ իրականացվող ռազմական արշավի հետևանքով՝ կորցնելով տարածքներ, ենթակառուցվածքներ, բացի այդ նաև զանգվածային դասալքություն է սկսվել կառույցի շարքերում: Այս համատեքստում, ականատես ենք լինում ԻՊ-ի մարտավարության փոփոխության. կառույցը նախկին «նվաճողական» գործելաոճից անցնում է նման ծայրահեղական կառույցներին բնորոշ ահաբեկչական գործողությունների մարտավարությանը՝ գործի դնելով աշխարհի տարբեր երկրներում ձևավորված բջիջները, գաղթականների շարքերում Եվրոպա հասած սեփական զինյալների հնարավորությունները: Նույն տրամաբանության մեջ է նաև Բրյուսելի ընտրությունը՝ գումարած, իհարկե, նաև հարձակումների քարոզչական և հոգեբանական կողմը: Բացի այն, որ ինչպես արդեն նշեցի, Բելգիայում առկա է համեմատաբար ավելի բարենպաստ իրավիճակ՝ նման բռնարարքների իրագործման համար, նաև՝ Բրյուսելը հանդիսանում է ԵՄ-ի մայրաքաղաքը, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, և այս հարձակումներով ԻՊ-ը, կարծես, պատասխանում է Սիրիայում և Իրաքում իր դեմ պայքարող ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակակահաբեկչական կոալիցիային»-, նշեց փորձագետը:
Խոսելով նոր ահաբեկչությունների հնարավորության մասին՝ Պետրոսյանը կանխատեսեց. «Անշուշտ, դրանց հավանականությունը բավական մեծ է: Սովորաբար, ցանկացած ահաբեկչական հարձակումից հետո ականատես ենք լինում անվտանգային լայն միջոցառումների, նաև՝ իրենց խորքում հիմնականում քարոզչական հիմքեր ունեցող պատասխան հակաքայլերի, բայց ժամանակի ընթացքում իրավասու մարմինների զգոնությունն աստիճանաբար նվազում է: Մինչդեռ միջազգային ահաբեկչության սպառնալիքը այնքան ժամանակ բավական բարձր կլինի, քանի դեռ լուծված չեն մերձավորարևելյան հակամարտությունները, քանի դեռ վճռական հարված չի հասցվել ԻՊ-ին և միջազգային ահաբեկչական ցանցի մյուս բոլոր կառույցներին, որոնց գործունեության համար պարարտ հող են հանդիսանում քաոսային իրավիճակում հայտնված աշխարհագրական տարածքներն: Իսկ թե որտեղ կարող են լինել հաջորդ հարձակումներն, այս հարցում ևս աշխարհագրական արեալը բավական լայն է. այն բոլոր երկրներում, որոնք անցյալ 5 տարիների ընթացքում «ջիհադականներ» են մատակարարել ծայրահեղական կառույցներին. դրանք կարող են լինել դարձալ եվրոպական երկրները, Թուրքիան, Կանադան, Ռուսաստանը և այլն, ցուցակում ներառված երկրների ցանկն անցնում է հարյուրից»,-իր խոսքը եզրափակեց Ա. Պետրոսյանը: