Կսահմանափակվի ոչ թե ԶԼՄ-ների թիվը, այլ յուրաքանչյուր ԶԼՄ-ի կողմից լրագրողների թիվը. Դավիթ Հարությունյան
Ընտրական օրենսգրքի նոր նախագծում ընտրատեղամասերում վստահված անձանց և լրագրողների հետ կապված նոր առաջարկություններ են ներկայացրել օրինագծով զբաղվող աշխատանքային խմբին:
Այսօր Ազգային ժողովում ԸՕ նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ օրինագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենք ստացել են առաջարկություն այն մասին, որ կուսակցությունները յուրաքանչյուրն ընտրատեղամասում ունենան երկու վստահված անձ, նախկինում առաջարկվող մեկի փոխարեն:
«Այդ առաջարկությանը մենք նախնականորեն դրական ենք տրամադրված», -հավելեց Հարությունյանը:
Քաղհասարակության, մասնավորապես, լրագրողական կազմակերպությունների շրջանում լրագրողների թվի սահմանափակման հետ կապված կար մտահոգություն, որը կարծես թե աշխատանքային խումբը փորձում է վերացնել:
«Առնվազն ԶԼՄ-ների հետ կապված մենք կարծես թե շոշափում ենք մի մոտեցում, որը հնարավորություն կընձեռի կոմպրոմիսի գալ ու փարատել մեր մտահոգությունը՝ ԶԼՄ-ների մասով: Կարծես թե ԶԼՄ-ի հետ կապված հանգում ենք այն եզրակացության, որ ԶԼՄ-ներին հանում ենք սահմանափակումից, բայց սահմանափակել յուրաքանչյուր ԶԼՄ-ի կողմից հավատարմագրվող լրագրողների թիվը: Բայց այս հարցերի շուրջ քննարկումները շարունակվում են և կարծում եմ, որ լուծման կգանք» -հայտարարեց Հարությունյանը: