Հայաստանը միջին ջրապահովվածության երկիր է. Թ. Վարդանյան
Հայաստանն այսօր ունի այնքան ջուր, նաև խմելու, որ խելամիտ օգտագործման, ճիշտ կառավարման դեպքում կարող արտահանել հարևան երկրներ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ, «Ջրային, կլիմայական և ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Թրահել Վարդանյանը:
Նա նշեց, որ դիտարկումների համաձայն, Հայաստանը միջին ջրապահովվածության երկիր է: Ինչ վերաբերում է կոնկրետ խմելու ջրին, մասնագետն ասաց, որ Հայաստանի գրեթե բոլոր գետերի ակունքային մասից վերցրած ջրերը կարելի է անմիջապես օգտագործել խմելու համար:
Թ. Վարդանյանի խոսքով, այսօր Հայաստանում կա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիր: Ըստ նրա, թեև այս ուղղությամբ ծախսվում են հսկայական գումարներ, բայց դրանք իրենց չեն արդարացնում, կառավարման մոդելը պետք է վերանայվի: Միաժամանակ, նրա խոսքով, կա նաև օրենսդրական դաշտի սխալ մոտեցում:
«Ունենք ջրային ավազաններ, որոնք ունեն իրենց տերերը, կառավարիչները: Աբսուրդ բան է ստացվում, այդ ավազաններն իրականում անտեր են, քանի որ շատ տերեր ունեն: Եթե բազմաթիվ տերեր չլինեն, կառավարումն ավելի հեշտ կլինի: Ջրային ավազանների ապակենտրոնացում պետք է լինի: Այդ դեպքում շատ ավելի հեշտ կլինի կառավարել ռեսուրսները: Ապակենտրոնացման դեպքում պետք է ընդգրկվեն հասարակության, հասարակական կազմակերպությունների անդամներ: Ահրաժեշտ է նաև կառավարման ճկուն գործիքներ»,- ասաց Թ. Վարդանյանը:
Նա նաև նշեց, որ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում կադրերի խնդիր կա:
«Ջրային ռեսուրսների կառավարման դպրոց չունենք: Պետք է կարողանանք ստեղծել նման դպրոց: Երկար ժամանակ է անհրաժեշտ»,- ասաց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչը:
Նշենք, որ մարտի 22-ին աշխարհում նշվում է ջրային պաշարների համաշխարհային օրը (World Day for Water կամ World Water Day)։ Դրա անցկացման մտահղացման մասին առաջին անգամ բարձրաձայնել են 1992 թվակականի Ռիո դե Ժանեյրոյում՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովի ժամանակ։