Լրագրողները պահանջում են ԸՕ նախագծից վերացնել սահմանափակումները
Այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ լսումների ժամանակ լրագրողական կազմակերպությունների անունից լրագրող Լիլիթ Թադևոսյանը հայտարարեց, որ անընդունելի է ԸՕ նախագծում տեղ գտած սահմանափակումը ընտրատեղամասում լրատվամիջոցների ներկայացուցիչների վերաբերյալ:
«Նախագծի 65-րդ հոդվածի 7-րդ կետը ենթադրում է տեղական դիտորդների ու լրագրողների՝ ընտրատեղամասերում միաժամանակ գտնվելու թվային սահմանափակում և այդ սահմանափակումից բխող հերթագրման ընթացակարգ, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի նախագահին և ոստիկանությանը որոշակի իրավասությունների տրամադրում։
Նախագծի 20-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ նախընտրական քարոզարշավի իրականացման ընթացքում չի թույլատրվում զանգվածային լրատվական միջոցների ազատության չարաշահումը։
Վերոնշյալ երկու կետերի ձևակերպումների ու բովանդակության վերաբերյալ հրապարակային իրենց մտահոգությունն են հայտնել ինչպես լրագրողներ, այնպես էլ իրավապաշտպան կազմակերպություններ, կուսակցություններ, անհատ քաղաքացիներ և այլ միավորներ։
Մենք անընդունելի ենք համարում ՀՀ և միջազգային օրենսդրությանն ակնհայտորեն չհամապատասխանող այս դրույթների ներառումն Ընտրական օրենսգրքում ու օրինագիծը հեղինակած իշխանությունից պահանջում ենք հեռացնել դրանք և ընտրական օրենսգրքի նախագծում չավելացնել լրագրողների իրավունքներին ու մասնագիտական գործունեությանը վերաբերվող և իրավունքին հակասող այլ էկզոտիկ նորարարություններ», -հայտարարեց Թադևոսյանը։
Նկատենք, որ ավելի վաղ ԸՕ նախագիծը մշակած աշխատանքային խմբի անդամ Դավիթ Հարությունյանը նույն լսումների ժամանակ տեղեկացրել էր, որ լրագրողների մասով իրենք առաջարկություններ են ստանում, որոնք այժմ էլ քննարկման փուլում են:
«Առնվազն ԶԼՄ-ների հետ կապված մենք կարծես թե շոշափում ենք մի մոտեցում, որը հնարավորություն կընձեռի կոմպրոմիսի գալ ու փարատել մեր մտահոգությունը՝ առնվազն ԶԼՄ-ների մասով: Կարծես թե ԶԼՄ-ի հետ կապված հանգում ենք այն եզրակացության, որ ԶԼՄ-ներին հանում ենք սահմանափակումից, բայց սահմանափակել յուրաքանչյուր ԶԼՄ-ի կողմից հավատարմագրվող լրագրողների թիվը: Բայց այս հարցերի շուրջ քննարկումները շարունակվում են և կարծում եմ, որ լուծման կգանք», -ասել էր Հարությունյանը: