ԿԳ նախարարը ճիշտ չի համարում , որ հիմնադրամներում ամբողջովին անկուսակցական մարդիկ լինեն
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ամբողջ կազմը, կառավարման խորհուրդը ՀՀԿ-ականներ են, այս պարագայում որքանո՞վ է հիմնավորված, որ բյուջեից ֆինանսներ են գնում կուսակցականացված կառույցի, նախարարը պատասխանեց, որ չի կարծում, թե կառույցն իր առջև կուսակցականացված որևէ խնդիր է դրել:
Նրա խոսքերով՝ նախ պետք է հասկանան հիմնադրամի դերակատարումը, դրա համար էլ պայմանավորվել է՝ ապրիլի առաջին տասնօրյակում հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնել, որին նաև ուսանողական խորհրդի նախագահները ներկա կլինեն, և տեղում կճշտեն բոլոր հարցերի պատասխանները:
Նշենք, որ այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շուրջ 794 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր է հանձնել:
Միաժամանակ նա նշեց, որ այն, ինչ հիմա ՀԵՀ-ն է անում, շնորհակալ քայլ է, քանի որ հարյուրավոր ուսանողների կրթաթոշակ են տվել: «Այս գործընթացն իսկապես թափանցիկ է եղել, քանի որ երբ կուրսում մեկին տալիս ես անապահովության համար թոշակ, նա շարունակում է սովորել այդ կուրսում իր ուսանող ընկերների հետ« Սա լավ ծրագիր է»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` կրթությունն այն դաշտն է, որտեղ կուսակցությունները կարող են շատ օգտակար լինել, և եթե ամեն կուսակցության երիտասարդական թև կարողանա նպաստել ուսանողության սոցիալական վիճակի բարձրացմանը, լավ կլինի:
«Բյուջեն ուղիղ չի կարող գումարներ տալ ուսանողին, բյուջեն պետք է տա ինչ-որ կառույցի, և ես կարծում եմ, որ հասարակական կառույցի միջոցով բյուջեի տեղաբաշխումն ավելի ճիշտ է, քան բյուրոկրատական ապարատի միջոցով: Օրինակ` եթե փոխանցեն ԿԳՆ-ին, նախարարությունն էլ իր վարչությունների միջոցով փորձի տալ համալսարաններին, իմ կարծիքով, դա ոչ էֆեկտիվ է, քան ՀԿ-ի դեպքում, որն ավելի թափանցիկ ու վերահսկելի է»,- ընդգծեց Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքերով՝ հիմա մշակելու են համալսարանական օրենքը, որում պետք է կարողանան հավասարակշռությունը գտնել ուսանողի կուսակցական պատկանելության և համալսարանական գործունեության միջև:
«Որևէ երիտասարդի չի կարելի արգելել, որ նա պատկանի այս կամ այն կուսակցության կամ ակտիվ լինի, բայց, մյուս կողմից, նրա աշխատանքային գործունեության մեջ համալսարանը պետք է կարողանա չեզոք լինել: Մենք ունենք շատ լավ հոդված, ըստ որի՝ կուսակցական գործունեությունը համալսարանական համակարգում արգելված է»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ ճիշտ չի համարում՝ հիմնադրամներում ամբողջովին անկուսակցական մարդիկ լինեն, քանի որ, ի վերջո, քաղաքականության կրողները երիտասարդներն են, որոնք պետք է ունենան քաղաքական կողմնորոշումներ:
«Այսինքն՝ ակտիվ քաղաքական կողմնորոշում ունեցող մարդն է, որ դառնում է ակտիվ քվեարկող: Դուք հստակ վիհ եք փորում` իշխանություն-ընդդիմություն, կուսակցական-քաղաքական կյանք, դրանք թշնամի կատեգորիաներ չեն, մեր երկրի արդյունքն են»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե այսինքն, ուսանողը պետք է ծառայի իշխանությունների՞ն, ասաց. «Ոչ, նաև երկրին»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները