ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները դիտորդություն չեն իրականացնի
Այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումներում «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» կազմակերպության իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց, թե ինչու ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող նոր ԸՕ նախագծով հնարավորություն չի տրվում դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ժամանակ:
Ի պատասխան օրինագիծը մշակած աշխատանքային խմբի անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ դիվանագիտական ներկայացուցչությունները այլևս չեն դիտարկվում որպես դիտորդական կազմակերպություններ, քանի որ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները, ենթադրվում է, որ ընտրություններից հետո պետք է հրապարակեն զեկույց:
«Որևէ երկրի դիվանագիտական ներկայացուցչության կողմից զեկույց հրապարակելը ընտրական գործընթացի վերաբերյալ, ես կարծում եմ, բացասական ազդեցություն է ունենում երկու երկրների հարաբերությունների վրա», -հավելեց Դավիթ Հարությունյանը:
Այդուհանդերձ, ըստ Հարությունյանի, օտարերկրյա դիվանագետներին հնարավորություն կընձեռվի այցելել ընտրատեղամաս, տեսնել գործընթացը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն լուրջ և մեծ կուսակցությունների տեղ է. Դավիթ Հարությունյանը՝ ՀԺԱՄ-ի ներկայացուցչին
- Կսահմանափակվի ոչ թե ԶԼՄ-ների թիվը, այլ յուրաքանչյուր ԶԼՄ-ի կողմից լրագրողների թիվը. Դավիթ Հարությունյան
- Ընտրությունների մասնակիցների ցուցակները հատուկ ծրագրով կհամեմատվեն նախնական ցուցակի հետ. Դավիթ Հարությունյան