Հայաստանը հազարապատիկ ավել է տալիս սիրիահայերին, քան Կանադան. Լենա Հալաջյան
Այս պահի դրությամբ շուրջ 17 հազար սիրահայ կա Հայաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը՝ նշելով, որ այդ թիվն ընթացքում փոփոխվում է՝ հոսքերի և ելքերի հետևանքով:
«Կառավարությունն ի սկզբանե որդեգրեց ջերմ և հյուրընկալ մոտեցում սիրիահայերի նկատմամբ»,-շեշտեց Լ. Անտոնյանը:
Առանձին-առանձին ներկայացնելով ոլորտային ձեռքբերումներն ու խնդիրները՝ նա տեղեկացրեց, որ այս տարիներին Հայաստանում 250 սիրիահայ երեխաներ են ծնվել, մահացել՝ շուրջ 110 սիրիահայ, որոնց թաղման ծախսերը և գերեզմանատեղի տրամադրաման հարցերը լուծել է պետությունը:
«1200-ից ավելի սիրիահայ ապահովվել են աշխատանքով՝ չնայած աշխատանքի տեղավորման ոլորտն ամենաթիրախայինն է: 80 սիրիահայ բժիշկներ են ընդունվել աշխատանքի՝ առողջապահույթան նախարարության օգնությամբ: Այստեղ էլ քմահաճության խնդիր կա, շատ հաճախ նրանք չեն հարմարվում պայմաններին, չեն ցանկանում աշխատել մարզերում»:
Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետը ձեռքբերումներից առանձանցրեց փաստաթղթային, կրթական գործընթացները, որոնք արվել են արտահերթ քննման կարգով՝ ընդգծելով, որ այս բոլոր ոլորտներում սիրահայերին տրամադրվող ծառայությունները կատարվել են անվճար՝ ՀՀ բյուջեից:
Ինչ վերաբերում է սիրիահայերի ինտեգրման գործընթացին՝ Լևոն Անտոնյանը նշեց, որ այդ նպատակով արդեն ավանդույթ են դարձել ՀՀ Սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ի կողմից կազմակերպվող ցուցահանդես-վաճառքները, որոնք պարբերական բնույթ են կրում:
Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի նախագահ Լենա Հալաջյանն էլ հարց բարձրացրեց. «Մյուս երկրները, որտեղ տեղափոխվել են սիրիահայերը, ինչ են այնտեղ նրանց տրամադրել, որ հայրենիքը չի տրամադրել, եթե համամատենք, հատկապես Կանադայի հետ, որտեղ վերջին շրջանում ավելի շատ են գնում սիրիահայերը, Հայաստանը հազարապատիկ ավելին է տալիս, քան այնտեղ»:
Նրա խոսքով՝ շատ սիրիահայերին ուշ աշխատանք գտնելու համար պատճառ է հանդիսացել այն, որ նրանց ենթագիտակցության մեջ եղել է վերադարձը Սիրիա:
2016-ին գրանցված «Սիրահայերի միություն» անկախ ՀԿ-ի նախագահ Ներսես Կիվոն էլ հայտնեց, որ իրենց կազմակերպությունը փորձում է հետամուտ լինել սիրիահայերի խնդիրներին, իրավական, հարկային և մաքսային խորհրդատվություններ տրամադրել բիզնեսի հետ կապված.«Հայրենիք եկողը պարտավոր է այստեղի օրենքները հարգի, ոչ թե իր պահանջները դնի»: