Այսօր պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք ջրային պաշարների պահպանմանը. Պատրիկ Լորեն
«Սա ջրամատակարարման ոլորտի գերժամանակակից կառավարվող կենտրոն է, որը Հայաստանում ստեղծվել է Ֆրանսիայում գործող մոդելի հիման վրա: Կենտրոնի ստեղծման աշխատանաքները սկսվել են դեռ հինգ տարի առաջ»,-այսօր Աշտարակ քաղաքի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարման կենտրոն շրջայցի ժամանակ լրագրողներին ասաց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը՝ ներկայացնելով «Սկադա» համակարգի միջոցով կառավարվող կենտրոնը:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի խոսքով՝ այս նորամուծության միջոցով ավելի արդյունավետ է կառավարվում ջրամատակարարումը, ինչպես նաև ապահովում է ամենօրյա աշխատանքի թափանցիկությունը:
«Այժմ կառավարման կենտրոնում կատարվում է մեքենա-մեխանիզմների, ջրամբարների, պոմպակայանների, ծախսված էլեկտրաէներգիայի, արտադրված և սպառված ջրի առցանց մոնիտորինգ։ Համակարգը թույլ է տալիս նաև ավտոմատ կառավարել պոմպակայանները, ըստ բազմաթիվ չափանիշների անջատել կամ միացնել պոմպերը։ Կառավարման կենտրոնը տեսահսկում է պոմպակայանների տարածքը։ Ներկայում կատարվում է նաև ջրում առկա մնացորդային քլորի առցանց վերահսկում, ինչը նպաստում է ջրի որակի վերահսկողությանը»,-լրագրողների հետ զրույցում պատմեց Պատրիկ Լորենը:
Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք ընկերությունը մոտ ապագայում պատրաստվում է ջրի սակագնի փոփոխություն կատարել և որքանով այս կենտրոնը կանդրադառնա դրա վրա, Պ. Լորենը պատասխանեց. «Ներկայումս մրցույթ է իրականացվում, որպեսզի 2017 թվականի հունվարի 1-ից ամբողջ Հայաստանի ջրամատակարարման համակարգը կառավարվի մեկ օպերատորի կողմից: Մրցույթին մասնակցում է չորս հայտատու օպերատոր, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր սակագինը, և արդեն Հայաստանի կառավարությունը կընտրի ամենացածր սակագինը ներկայացնողին»:
Նա դժվարացավ ասել, թե որքան կկազմի այդ սակագինը, քանի որ, ըստ նրա, կախված կլինի դրա մեջ ներառված յուրաքանչյուր ընկերության ծախսերի հաշվարկից:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենն անդրադարձավ նաև ջրային պաշարների պահմանման խնդրին, նշելով, որ շատ էր զարմանքը, երբ Հայաստանում տեսել էր այդքան ցայտաղբյուրներ. «Կորցրած ջրային ռեսուրսները երբեք չեն վերականգնվում, պետք է այսօր առավելի ուշադրություն դարձնենք դրանց պահպանմանը: Մենք ականատեսն ենք լինում նաև կլիմայական փոփոխությունների հետևանքով ջրի սակավությանը: Պետք է առավել խնայող լինենք: Ցայտաղբյուրները հայկական գեղեցիկ ավանդույթ են, սակայն կարելի դրանց վրա փականներ դնել, որոնք կբացեն միայն ջրից օգտվելու ժամանակ»:
Մարտի 22-ին աշխարհում նշվում է ջրային պաշարների համաշխարհային օրը(World Day for Water или World Water Day)։ Դրա անցկացման մտահղացման մասին առաջին անգամ բարձրաձայնել են 1992 թվակականի Ռիո դե Ժանեյրոյում՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովի ժամանակ։