«Գնդակը ձեր դաշտում է». Զուրաբյանը՝ Հարությունյանին
«Մենք շատ հետևողական ենք լինելու 4+4+4 ֆորմատով բանակցություններ վարելու հարցում», -այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ դիմելով օրինագծի հեղինակ Դավիթ Հարությունյանին՝ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ պատգամավորն առաջարկել էր 4+4+4 ֆորմատով, որի մեջ կընդգրկվեն 4 ընդդիմադիր կուսակցություններից, 4 իշխանական և 4-ը քաղաքացիական հասարակությունից, հանձնաժողով ստեղծել, որը կքննարկեր ու ընդհանուր համաձայնության կգար ԸՕ նախագծի շուրջ:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ԸՕ նախագծի շուրջ կարևոր է կոնսենսուս ձևավորելը: Նա հայտարարեց, որ «կոնսենսուսի պլատֆորմը ձևավորվել է, միավորում է քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին» և իշխանության մասով փորձեց հասկանալ, թե ինչ փուլում է ֆորմատի ձևավորումը ու հավելեց. «Գնդակը ձեր դաշտում է»:
ԸՕ նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը դիմելով ԱԺ դահլիճում ներկաներին հետաքրքրվեց, թե ովքեր են ծանոթ, ինչ պլատֆորմի մասին էր խոսում Զուրաբյանը: Երբ արձագանք չստացավ, հայտարարեց. «Ես միշտ մտավախություն եմ ունեցել, որ երբ ասել եք՝ լայն կոնսենսուս, միշտ ուզուրպացրել եք քաղհասարակության կարծիքը, այլ քաղաքական ուժերի կարծիքը: Արտահայտում եք ձեր կարծիքը, բայց խոսում եք լայն հասարակության անունից»:
Խոսելով 4+4+4 ֆորմատով բանակցությունների առաջարկի մասին, Հարությունյանն ասաց, որ ինքը դրան դրական է արձագանքել՝ երկու պայմանով. «Առաջին պայմանն այն է, որ որևէ մեկի մոտ ցանկություն չառաջանա ուզուրպացնել քննարկումները ու ներկայացնել միմիայն այդ ֆորմատում, որովհետև դրանք լավագույնս չեն ներկայացնում ամբողջ քաղհասարակությունը: Եվ երկրորդ նախապայմանը՝ որպեսզի որևէ մեկի մոտ գայթակղություն չլինի ենթադրելու, որ 4+4+4 ֆորմատում քվեարկությամբ որոշվելու են հարցեր, թե ինչպես է փոխվում նախագիծը»:
Հարությունյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, ասաց, որ կողմ է բանակցությունների նման ֆորմատին և սպասում է, որ ստանա մասնակիցների ցանկը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն լուրջ և մեծ կուսակցությունների տեղ է. Դավիթ Հարությունյանը՝ ՀԺԱՄ-ի ներկայացուցչին
- Կսահմանափակվի ոչ թե ԶԼՄ-ների թիվը, այլ յուրաքանչյուր ԶԼՄ-ի կողմից լրագրողների թիվը. Դավիթ Հարությունյան
- Ընտրությունների մասնակիցների ցուցակները հատուկ ծրագրով կհամեմատվեն նախնական ցուցակի հետ. Դավիթ Հարությունյան
- ՀԱԿ-ը կներկայացնի 4+4+4 ֆորմատի ցուցակը
- Դավիթ Հարությունյանը համաձայնություն է տվել Լևոն Զուրաբյանի առաջարկին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին