Փաշինյանը կդիմի ԱԱԾ
ԱԺ պատգամավոր, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դիմելու է ԱԱԾ:
Իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանը գրել է.
«Հենց նոր տեսա, որ Հրազդան քաղաքում ինչ-որ մարդիկ գաղտնի հետևել են ինձ, գաղտնի տեսանկարահանել և լուսանկարահանել:
Վաղը այս կապակցությամբ պատրաստվում եմ դիմել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին, ում աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում նաև՝ իմ որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող անձի անվտանգության ապահովումը:
ԱԱԾ-ն օրենքով սահմանված կարգով թող պարզի.
1. Ովքե՞ր են հետևել ինձ և ինչու՞ են դա արել գաղտնի:
2. Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք:
3. Ու՞մ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետևումը:
4. Արդյո՞ք Հրազդանում, կամ Երևանում իմ տեղաշարժերին հետևում են, եթե այո՝ ովքե՞ր են հետևող անձինք, ու՞մ հանձնարարությամբ և ի՞նչ նպատակով են դա իրականացնում»:
Հիշեցնենք, որ երեկ Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի շտաբը հայտարարություն, լուսանկարներ ու տեսանյութ էր տարածել, ըստ որի Փաշինյանն այցելել է Հրազդանի մի քանի դպրոցներ: «Նա փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա, ներքաշել նրանց նախընտրական գործընթացների մեջ»,-ասված է շտաբի հայտարարության մեջ:
Նկատենք, որ տեսանյութն այս պահին ջնջված է:
Անդրադառնալով դպրոցներ այցելությանը, Փաշինյանը գրել է.
«Այսօր այցելել եմ Հրազդանի բոլոր 13 դպրոցներ, որտեղ հանդիպումներ եմ ունեցել դպրոցների տնօրենների հետ։
Տնօրենների հետ քննարկել եմ դպրոցները ընտրական և քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու, աշակերտների միջոցով ծնողներին քարոզչական ճմշումների ենթարկելու արատավոր պրակտիկայից հեռու պահելու անհրաժեշտության հարցը։
Մի քանի օր առաջ նույն հարցը քննարկել եմ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ։ Նշեմ, որ Հրազդանի հանրակրթական բոլոր դպրոցների ղեկավարները համաձայնել են Ընտրական օրենսգրքի պահանջները անվերապահորեն կատարելու անհրաժեշտության մտքի հետ»:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հրազդանում անցկացվելու են քաղաքապետի ընտրություններ: ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սասուն Միքայելյանի, «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը՝ Արթուր Միսակյանի թեկնածությունները, ինքնաառաջադրվել են անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը, ՀՀԿ-ական Գրիգոր Ռաֆայելյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին