Ընտրությունների մասնակիցների ցուցակները հատուկ ծրագրով կհամեմատվեն նախնական ցուցակի հետ. Դավիթ Հարությունյան
Համամասնական ընտրակարգի մոդելը, որով առաջարկվում է բաց և փակ ցուցակների համադրում, նորամուծություն է և ուղղակիորեն չի բխում Սահմանադրությունից: Այդ մասին այսօր Ազգային ժողովում Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց օրինագծի համահեղինակներից Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ լսումներին մասնակցում են քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
«Այս մոդելը համարում ենք, որ արդիական մոդել է, տարածված Եվրոպայի մոտ քսան երկրներում, կիրառվում է լայնորեն: Իրականում բաց ցուցակները հնարավորություն են ընձեռում ունենալ ներկայացուցիչներ տեղերից և տարածքային ցուցակների բաց լինելը հնարավորություն է ընձեռում ոչ թե հրամցնել ընտրողին որոշակի սահմանափակ ցուցակ՝ որոշակի հերթականությամբ, այլ իսկապես լսել տարածքներում ընտրողի ձայնը», -հայտարարեց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է բուն ընտրական գործընթացին, ապա օրինագծի հեղինակի խոսքով, իրենք առաջարկում են ընտրողների գրանցումն իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով:
Նրա խոսքով, ընտրողների ցուցակը հնարավոր է ընտրություններից երեք օր առաջ ներբեռնել համացանցից, ու այն հասանելի է բոլորին:
Բացի այդ, իրենք առաջարկում են նաև ցուցակները սարքերի մեջ ներբեռնելու գործընթացը հասանելի դարձնել ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին:
«Մենք պայմանավորվել ենք, որ ընտրություններից հետո համապատասխան ծրագրային եղանակով ամբողջ մասնակիցների ցանկը՝ էլեկտրոնային ստորագրված ցուցակները, կհամեմատվեն միմյանց հետ ծրագրի միջոցով ոչ թե կհրապարակվեն, բայց կլինի ծրագիր, որը ենթարկվելու է տեխնիկական աուդիտի, որը կհամեմատի այդ ցուցակները պոստ ֆակտում: Դա հնարավորություն կտա համոզվելու՝ արդյոք անձինք մի քանի տեղ մասնակցել են ընտրություններին, թե՞ ոչ, արդյոք նույն անձը հայտնվե՞լ է տարբեր ցուցակներում, թե՞ ոչ», -ներկայացրեց Դավիթ Հարությունյանը՝ ընդգծելով, որ այս առաջարկներն առայժմ ընդգրկված չեն նախագծում, բայց շուտով կներառվեն:
Նա ասաց, որ այս առաջարկությունները «կոնստրուկտիվ առաջարկություններ» են ու հնարավորություն կտան բարձրացնել վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան