Էրդողանի մարտի 18-ի հայտարարությունը Բրյուսելյան պայթյունների լույսի ներքո
Պատճառ չկա, որ Անկարայում պայթած ռումբերը չպայթեն նաև Բրյուսելում: Այս մասին մարտի 18-ին ունեցած իր ելույթում նշել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ելույթից չորս օր անց՝ այսօր Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների ֆոնին Էրդողանի այս խոսքերը նոր իմաստ են ստանում:
Մարտի 18-ի իր ելույթում Թուրքիայի նախագահը մասնավորապես մեղադրել էր Եվրոպական միությանը և վերջինիս առանձին երկրների ահաբեկչության դեմ անհրաժեշտ պայքար չտանելու, այդ հարցում Թուրքիային օժանդակություն ցույց չտալու և փոխարենն ահաբեկիչներին աջակցելու համար՝ ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչներին Բրյուսելում թույլատրվել էր ԵՄ-Թուրքիա միգրացիոն հարցերով գագաթաժողովի կապակցությամբ բողոքի ցույց իրականացնել և վրաններ տեղակայել գագաթաժողովի վայրի մոտ:
«Որևէ պատճառ չկա, որ Անկարայում պայթած ռումբերը չեն պայթի նաև Բրյուսելում, որտեղ քաղաքի կենտրոնում հնարավորություն է տրված ահաբեկչության կողմնակիցներին շոու իրականացնելու: Չնայած պարզ իրականությանը, Եվրոպական երկրները ուշադրություն չեն դարձնում դրան, կարծես, պարելիս լինեն ականների դաշտում: Չես կարող իմանալ, թե երբ ոտքդ կդնես ականի վրա, բայց պարզ է, որ նման վերջաբանն անխուսափելի է լինելու»,- հայտարարել էր Թուրքիայի նախագահը:
Այսօր, արդեն Բրյուսելում հնչած պայթյուններից հետո տարօրինակ հայտարարություններով է հանդես եկել նաև ԵՄ-ի հետ ինտեգրացիայի հարցերով թուրք նախարար Վոլքան Բոզքըրը՝ նույնպես Եվրոպային հիշեցնելով, թե որքան ճիշտ էր Թուրքիան, երբ խոսում էր ահաբեկչության վտանգի մասին և շեշտում, որ առանց իր մասնակցության հնարավոր չէ դրա դեմ պայքարել:
«ԵՄ երկրները չեն կարողացել լուծել այս խնդիրը՝ առանց Թուրքիայի հետ համագործակցության: Վերջին հարձակումները ցույց են տալիս, թե որքան ճիշտ էինք մենք, երբ մեր համագործակցություն էինք առաջարկում Եվրոպական միության երկրներին»,- Բրյուսելում հնչած պայթյունների կապակցությամբ իր «ափսոսանքի խոսքում» նշել է թուրք նախարարը:
Թուրքիայի նախագահի մարտի 18-յան ելույթում արված ձևակերպումների և այսօր Բրյուսելում տեղի ունեցածի զուգադիպության մասին ակնարկել է նաև Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության պատգամավոր Գայե Ուսլուն՝ Թվիթերի իր միկրոբլոգում այդ մասին գրառում կատարելով։ Այս մասին մենք արդեն գրել ենք։
Հանուն փաստագրման ասենք նաև, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում երեքշաբթի իրականացված ահաբեկչությունների համար պատասխանատվությունը, ինչը ամենևին էլ ի չիք չի դարձնում վերոգրյալը։
Հավաքեց Կնյազ Սարոյանը
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելը պայթյուններից հետո (ուղիղ միացում)
- Բելգիայի վարչապետը ահաբեկչություններից հետո հայտարարություն է տարածել
- Բրյուսելի մետրոն՝ ահաբեկչությունից հետո
- Լևոն Հովսեփյան. Ընդդիմադիր թուրք գործիչը կապ է տեսնում Էրդողանի խոսքերի ու Բրյուսելի պայթյունների միջև
- «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությունը վրդովմունք է հայտնել բրյուսելյան ահաբեկչության կապակցությամբ
- Պայթյուններ Բրյուսելում. Եվրոպայում անվտանգության ապահովման արտակարգ միջոցառումներ են իրականացվում
- Բելգիայի մայրաքաղաքում երրորդ պայթյունն է որոտացել
- ԱԳՆ. Բրյուսելում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները չեն տուժել
- Նոր պայթյուն Բրյուսելում, այս անգամ՝ մետրոպոլիտենում
- ԱԳՆ խոսնակ. Բրյուսելում ՀՀ դեսպանը հետևում է զարգացումներին
- Պայթյուն Բրյուսելի օդանավակայանում