Ժորժ Շեխլյանը «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի վերագործարկման նախագիծը կոնցեսիոների հետ չի քննարկել
«Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոները երբևէ չի լսել «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի ճարտարապետներից Ժորժ Շեխլյանին և չի էլ քննարկել նրա կողմից մշակված կլոր մասնաշենքի վերակառուցման և գործարկման նախագիծը: «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի՝ օդանավակայանների միջազգային պահանջներին համապատասխանեցման առաջարկների քննարկման ժամանակ ասաց Ժ. Շեխլյանը, ով ապրում է Ֆրանսիայում, մի քանի օրով այժմ գտնվում է Հայաստանում:
Նրա առաջարկած նախագծով օդանավակայանի այսօրվա գործող շենքը փոքրիկ կամուրջով միանում է կլոր մասնաշենքին, այդպես այն լիարժեք օգտագործելու հնարավորություն է լինում: Ճարտարապետը նաև ներկայացրեց իր և կոնցեսիոների կողմից առաջարկված նախագծերի տարբերությունները. «Իմ նախագծով ստացվում է ինքնաթիռների 15 կայանատեղի, կոնցեսիոների մասպերի պլանով՝ 10, ինչպես նաև մեծ չափի ինքնաթիռներ չեն կարող վայէջք կատարել մեր օդանավակայան: Կոնցեսիոներին իր ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 5000 քառակուսի մետր տարածք, ինձ՝ 300, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող 13 հազար 400 քառակուսի մետրը: Եթե կոնցեսիոներին պետք է 101 միլիոն դոլարի ներդրում, իմ նախագծի իրականացման դեպքում անհրաժեշտ է մինչև 20 միլիոն դոլար: Եթե իրենց ծրագրի իրականացման համար պետք է 4 տարի, իմ դեպքում մեկ տարին բավարար է»:
Ժորժ Շեխլյանի նախագծով, կլոր մասնաշենքի էստակադան կարելի է քանդել, քանի որ այն չի շահագործվելու:
«Եթե ծախս անենք, ուժեղացնենք ու չշահագործենք, ի՞նչ կարիք կա այն պահել: Կարող ենք նաև պահել, ուղղակի անիմաստ եմ համարում»,- ասաց ճարտարապետը:
Ժ. Շեխլյանը ներկայացրեց նաև նախագծի մեկ այլ տարբերակ. կոնցեսիոներն իր ծրագիրն իրականացնելու համար կարող է օդանավակայանն ընդլայնել ոչ թե դեպի արևմուտք, ինչպես նախատեսում է, այլ դեպի արևելք, որի դեպքում կլոր մասնաշենքն այևս չի խանգարի նրան:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է լինի հանրության և պետության կողմից հաստատված նախագիծ. Գրիգոր Ազիզյան
- Կոպիտ ասած, «Զվարթնոցի» սեյսմիկ վտանգավորության եզրակացությունը պատվեր է. Գ.Ազիզյան
- «Զվարթնոց»-ի կլոր շենքի հարցով կազմակերպվելու է քննարկում
- «Վերջ տվեք քանդելուն, բավական է ավերել». Գրականագետ
- Ռուբեն Բաբայան. Եթե միայն «Զվարթնոցի» աշտարակը մնա, պոմպակայանի տպավորություն է թողնելու
- Ավագանին տեղյակ չի եղել. Բախշյանը՝ «Զվարթնոցի» կլոր մասնաշենքի մասին
- «Ես` որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու եմ Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին». Անահիտ Թարխանյան