Հրազդանի քաղաքապետի ընտրական շտաբը դիմել է Գլխավոր դատախազություն
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2016 թվականի մարտի 21-ին Հրազդան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցներ այցելությունների հետ կապված Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի ընտրական շտաբը գրավոր դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն:
Ընտրական շտաբի պետի իրավաբանական հարցերով տեղակալ Վ. Հարությունյանի՝ դատախազությանն ուղղված գրության մեջ ասված է.
«ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը 2016 թվականի մարտի 21-ին այցելել է Հրազդան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցներ՝ փորձելով ճնշումներ գործադրել կրթական հաստատությունների ղեկավարների վրա և նրանց ներքաշել նախընտրական գործընթացների մեջ:
Այցելության փաստը հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում: Ավելին, Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի գործունեության առաջին իսկ ահազանգից հետո մեր շտաբի լրատվության պատասխանատուների կողմից տեսալուսանկարահանվել են նրա այցելությունները (նյութերը կցվում են):
Նիկոլ Փաշինյանը հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին, որպես շտաբի պետ այցելելով դպրոցներ, փորձել է իրականցնել քարոզչական և քաղաքական գործունեություն: Ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չունեն որևէ ուղղակի առնչություն ընտրությունների կազմակերպման հետ: Նման գործառույթ վերապահված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավաևման մարմիններին: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական թեմայով արդեն հանդիպում ունեցել էր Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ, որի մասին վկայում է նաև Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը: Ավելի, ըստ մամուլի տեղեկությունների, ընտրությունների կազմակերպման հարցերով նա հանդիպել էր նաև տարբեր պաշտոնատար անձանց հետ:
Այսքանով հանդերձ, մեղմ ասած, անհասկանալի է Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի երեկվա շրջագայությունը պետական ուսումնական հաստատություններ, որոնց կանոնադրական նպատակների մեջ չի մտնում ընտրությունների կազմակերպման հետ կապված որևէ գործառույթ:
Նիկոլ Փաշինյանը ակնառու խախտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8- րդ մասի, «ՀՀ ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 8-րդ մասի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման պահանջները:
Առաջարկում ենք ուսումնասիրել ներկայացված փաստերը և խնդրում միջոցներ ձեռնարկել Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրոթյան պահաջները խախտած անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման օրինազանցություններ բացառելու համար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հրազդան քաղաքում իրեն գաղտնի հետևելու, տեսանկարահանելու և լուսանկարահանելու կապակցությամբ դիմելու է ԱԱԾ:
Ապրիլի 17-ին Հրազդանում անցկացվելու են քաղաքապետի ընտրություններ: ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սասուն Միքայելյանի, «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը՝ Արթուր Միսակյանի թեկնածությունները, ինքնաառաջադրվել են անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը, ՀՀԿ-ական Գրիգոր Ռաֆայելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը կդիմի ԱԱԾ
- «Նիկոլ Փաշինյանը փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա». հայտարարություն