Մաշան ու Միշան անվերադարձ կտեղափոխվեն Ռումինիա
Գյումրու կենդանաբանական այգու արջերը՝ Մաշան ու Միշան վաղը կտեղափոխվեն Ռումինիա: Հունվարի 22-ին նրանք Գյումրիից տեղափոխվել էին Երևանի կենդանաբանական այգի, եղել են կարանտինի փուլում:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, ով Կենդանաբանական այգու տնօրենն է, «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ հայտարարեց, եթե չլինեին հասարակական կազմակերպությունները, ապա խնդիրը նման լուծում չէր ստանա: Նա շնորհակալություն հայտնեց նաև խնդրին արձագանքած պետական ու միջազգային կառույցներին:
«Արջերի վիճակում փոփոխությունն ակնհայտ է: Կարանտինը վերականգնողական էր, որը լավ արդյունքներ տվեց: Նրանք անվերադարձ են գնում, այնտեղ ստեղծված է բավականին լուրջ ու մեծ հաստատություն, ապաստարան՝ մի քանի հա մակերեսով: Այստեղ տեղափոխվում են այնպիսի արջեր, որոնք հոգեբանական ու առողջական խնդիրներ ունեն: Նրանք մինչև իրենց կյանքի վերջը կարող են այնտեղ բարեկեցիկ կյանք ունենալ»,-ասաց Ռ. Խաչատրյանը:
Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն էլ նշեց, որ Գյումրիի կենդանաբանական այգում սարսափելի վիճակում հայտնված կենդանիներին օգնելու համար դիմել են գործընկեր կազմակերպություններին, ինչպես նաև Վրաստանի ու Ռուսաստանի վերականգնողական կենտրոններին: Արձագանքներ եղել են:
Հետագայում նման խնդիրներից խուսափելու համար օրենսդրական փոփոխություններ են մշակվում: Մարտի 25-ին ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացվի «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու օրենսդրական կարգավորումը և առկա թերությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:
«Մանրամասն կներկայացվեն այն խստացված ռեժիմները, բարդացված ընթացակարգերը, որոնք ապահովելու դեպքում միայն հնարավոր կլինի պահել կենդանիներ: Նրանք առաջարկվող օրենքով նաև պետք է տեղական տուրք վճարեն»,-ասաց փոխնախարարը, ավելացնելով, որ փաստաթղթի վրա աշխատել են նաև ՀԿ-ների ներկայացուցիչները:
Փոփոխություններով առաջարկվում է նաև ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան վերականգնողական կենտրոն Ուրցաձորում:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրու կենդանաբանական այգու 3 առյուծները կտեղափոխվեն Ուրցաձոր
- Գյումրու կենդանաբանական այգու արջերը տեղափոխվել են Երևան` բուժզննման
- Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու կենդանիների խնդիրները