Ավագ երեքշաբթի
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:
ter-hambardzum.net կայքը գրում է, որ Ավագ շաբաթի խորհրդաբանությունը տարբերվում է սուրբ քառասնորդաց պահքի խորհրդաբանությունից: Սուրբ քառասնորդաց պահքն ավարտվում է Ղազարոսի հարությամբ, իսկ դրան հաջորդող զատկական շաբաթի ութ օրերը համապատասխանում են արարչության յոթ օրերին և ութերորդ անվախճան դարին: Այս շաբաթը կոչվում է մեծ կամ ավագ, քանի որ պարունակում է չորս մեծ խորհուրդ: Նախ աշխարհի արարման առաջին շաբաթի խորհուրդը, ապա՝ այս կյանքի յոթ դարերի խորհուրդը, այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթի խորհուրդը, և վերջապես՝ վերջին օրվա ու աշխարհի վախճանի խորհուրդը:
Qahana.am-ը գրում է, որ Ավագ երեքշաբթի հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
(Մատթ. 25:1-13): Ավետարանական առակը հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը: Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի՝ հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:
Այս տարի փետրվարի 8-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի մարտի 27-ին:
Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: