Վարչապետ. «Կառավարությունը շարունակելու է աջակցել ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի իրականացմանը»
Գործադիրը շարունակելու է աջակցել ուսման վարձի ծրագրի իրականացմանը: Այս մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 794 ուսանողի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությանը:
Կառավարության ղեկավարը հորդորել երիտասարդներին արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունը՝ ՀՀ Նախագահի գլխավորությամբ, անում է ամեն ինչ, որպեսզի արժանավոր բոլոր ուսանողները, անկախ սոցիալական խնդիրներից, կարողանան գիտելիք ստանալ ու իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը: Վարչապետը կարևորել է երիտասարդության ակտիվ մասնակցությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում և նշել, որ կառավարությունը բոլոր հարթակներում աջակցելու է ապագա սերունդին:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ՀՀ կառավարության աջակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսման վարձերի փոխհատուցման ծրագրեր իրականացնում է 2011 թվականից: Այս տարի հավաստագիր ստացողներից 652-ը պետական, ոչ պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի՝ անվճար համակարգում չընդգրկված ուսանողներն են, ովքեր փոխհատուցում են ստանում մրցութային կարգով:
Այս խմբում ներառված են բարձր առաջադիմություն ունեցող, հասարակական ակտիվություն ցուցաբերող, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների և միակողմանի ծնողազուրկ ուսանողները: Մյուս խմբում ընդգրկված է ՀՀ կառավարության որոշմամբ սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսում սովորող 142 ուսանող, ովքեր փոխհատուցում ստանում են առանց մրցույթի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները