Հայաստանն ապացուցեց՝ կարող է նման հիմնադրամի անդամ դառնալ. Գևորգ Գևորգյան
Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ հիմնադրամին հեռանկային է, հատկապես կինոարտադրության, կինոոլորտի զարգացման համար: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ հայտնելով, որ այս տարվա հունվարից Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ հիմնադրամի լիիրավ անդամ:
«Տասը տարի բանակցել ենք, ինչ-որ տեղ մեր կինոարտադրության ոլորտում գրանցած հաջողությունները հնարավորություն ընձեռեցին դառնալ այդ հիմնադրամի լիիրավ անդամ»,- ասաց Ա.Պողոսյանը:
Փոխնախարարի խոսքով, անդամակցելով հիմնադրամին, սկսվում է աշխատանքների նոր փուլ՝ կինոարտադրողները, պրոդյուսերները պետք է իրենց ծրագրերը համապատասխանեցնեն հիմնադրամի չափանիշներին:
«Լուրջ աշխատանք է սպասվում՝ իրավական, կազմակերպչական, որպեսզի մեր կինոարտադրողների ներկայացրած հայտերը հաջողության հասնեն»,- նշեց նա:
Հայաստանը պետք է տարեկան վճարի 63 միլիոն դրամ անդամավճար: Ա.Պողոսյանն ասաց, որ համեմատած մյուս երկրների, բավականին փոքր անդամավճար է, իսկ համագործակցությունը հիմնադրամի հետ Հայաստանին կտա ավելին:
Ասուլիսին ներկա Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով, այս տարիների ընթացքում Հայաստանը կարողացավ ապացուցել՝ այն երկիրն է, որ կարող է նման հիմնադրամի անդամ դառնալ:
Ասուլիսին ներկա Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ասաց, որ հիմնադրամը շատ կարևոր է այն առումով, որ եվրոպական տարբեր երկրներից մասնագետներ միասին աշխատում են ստեղծելու եվրոպական ֆիլմեր:
Եվրիմաժ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչներն են Սուսաննա Հարությունյանը և Վրեժ Քասունին: Նրանք կարևորեց, որ Հայաստանը դարձել է Եվրիմաժի անդամ:
«Մեծ խթան է մեր կինոպրոդյուսերների համար բարձրանալ միջազգային հարթակ: Միաժամանակ կան մարտահրավերներ, պետք է մեր պրոդյուսերներն աշխատեն միջազգային ստանդարտներով»,- ասաց Վ.Քասունին:
Ս.Հարությունյանի խոսքով, երկար ճանապարհ կա անցնելու: Նա կարևորեց «Կինոյի մասին» օրենքի ընդունումը. «Օրենքը շատ կարևորվում է նաև մեր գործընկերների, Եվրիմաժի կողմից: Պետք է խթանենք, որպեսզի «Կինոյի մասին» օրենքը քննարկվի, հաստատվի»:
Ֆիլմերն ընտրվում են բաց մրցույթի միջոցով: Պարտադիր պայման է, որ նախագիծը ներկայացված լինի երկու երկրից, այսինքն համատեղ արտադրության ֆիլմեր պետք է լինեն: Աջակցությունը լինում է մինչև 500 հազար եվրո:
Պատասխանելով հարցին, թե այս տարվա ընթացքում Հայաստանի կողմից կներկայացվի՞ հայտ, Ս. Հարությունյանն ասաց, որ պետք չէ շտապել, անհրաժեշտ փաթեթը պետք է լինի լիարժեք, քանի որ այն երկրորդ անգամ այլևս չեն կարող ներկայացնել: Նա հնարավոր համարեց օգոստոսին արդեն ունենալ նման փաթեթ:
Արթուր Պողոսյանի խոսքով, պետությունը ստեղծել է անհրաժեշտ համագործակցության դաշտ, պրոդյուսերները պետք է օգտվեն այդ հնարավորությունից:
Եվրիմաժը հիմնադրվել է 1989 թվականին: Ներկայումս 47 ԵՄ պետություններից կազմակերպությանն անդամակցում է 37-ը: Լինելով Եվրոպայի խորհրդի համատեղ աջակցության հիմնադրամ՝ այն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում երեք ուղղությունով՝ համատեղ ֆիլմարտադրություն, կինովարձույթ և ցուցադրություն: Եվրիմաժ հիմնադրամին անդամակցելու գործընթացը Հայաստանը սկսել է 2006 թվականից, սակայն անդամակցությունն իրականություն է դարձել միայն այս տարի: Եվրիմաժի տարեան ընդհանուր բյուջեն կազմում է 25 միլիոն եվրո: Բյուջեն կազմում է անդամ պետությունների տարեկան ֆինանսական ներդրումներից և տրամադրված վարկերի վերադարձից:
Հարակից հրապարակումներ`
- «Յուրիմաժ»-ին անդամակցելը մեծ ձեռքբերում է բոլորիս համար. Ազգային կինոկենտրոն
- Կինեմատոգրաֆիա. Հայաստանը կկարողանա ներկայացնել համատեղ ծրագրեր «Eurimages»-ին