Մուրադ Փափազյան. Ֆրանսիայում հայկական և թուրքական համայնքների միջև քաղաքական մրցակցություն կա
«Ֆրանսահայությունն արդեն սկսել է պատրաստվել ապրիլի 24-ին: Ձեռնարկվելիք միջոցառումներն ունեն հիմնականում պահանջատիրական բնույթ, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում լինելու են ցույցեր, Փարիզում ապրիլի 24-ին ցույցը կազմակերպվելու է կառավարության հետ համատեղ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
Նա նշեց, որ իրենց հիմնական նպատակն ամբողջ աշխարհին ցույց տալն է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով հայ ժողովրդի պայքարը չի ավարտվել, այն շարունակվում է, կան մի շարք հարցեր:
Մ. Փափազյանի խոսքով, Ֆրանսիայում հայկական և թուրքական համայնքների միջև քաղաքական մրցակցություն կա:
«Թուրքերը քայլեր են անում, որպեսզի թուրքական գաղութի և Ֆրանսիայի նախագահի միջև հարաբերությունները զարգացնեն: Բայց Ֆրանսուա Օլանդը կանգնած է հայ դատի թիկունքին: Մենք մեր հարաբերությունները Ֆրանսիայի ղեկավարի հետ վերջին երեք-չորս տարիների ընթացքում զարգացրել ենք»,- ասաց նա:
Մ. Փափազյանը վստահեցնում է, որ հայկական համայնքը Ֆրանսիայում հզոր է, թուրքական համայնքի հետ մրցակցությունում չի թուլանում: Նաև ասաց, որ Ադրբեջանն իր քաղաքական լոբբինգն է շարունակում Ֆրանսիայում, նյութական մեծ միջոցներ է ծախսում քաղաքական շրջանակներում հաջողությունների հասնելու համար: