Հայաստանում վերջին օրերին առնվազն 4 բանկ կիբերհարձակման է ենթարկվել. Սամվել Մարտիրոսյան
Չկա Հայաստանում մի մարմին, որը կզբաղվի կիբերհանցագործության իրազեկման վերաբերյալ հարցերով: Այդ մասին այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը ՀՀ-ում. հատվածային կարգավորումներից դեպի ռազմավարություն» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարեց ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ցրտահարության վերաբերյալ այդ հարցը լուծել ենք, դրա մասին իրազեկող մարմին կա, երևի թե հարցը հասունացել է նաև կիբերանվտանգության հարցում հաջողություն ունենալու համար», -նկատեց Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ այդ հարցում Հայաստանում զարգացումները շատ դանդաղ են կատարվում:
Մինչ այժմ, փորձագետի խոսքով, կիբերհանցագործների համար Հայաստանը «լուրջ շուկա» չի համարվել:
«Բայց այսօր ակնհայտ է, որ Հայաստանը սկսել է հանդիսանալ թիրախ ոչ միայն մեր հարևանների կողմից: Մենք երկար տարիներ ինչ-որ առումով պարփակված ենք եղել, Հայաստանը չի եղել լուրջ շուկա միջազգային կիբերհանցավոր խմբերի համար՝ օգտատերերի թիվն է փոքր, կոմերցիայի թույլ զարգացվածության պատճառով գումարներն են քիչ եղել Հայաստանում և երկար տարիներ մենք հիմնականում որպես վտանգ ընդունել ենք Ադրբեջանը և ինչ-որ առումով Թուրքիան», -հավելեց նա:
Հայաստանի բանկերից մեկի հետ վերջերս տեղի ունեցած միջադեպը, սակայն, ցույց տվեց, որ կիբերկրիմինալը ներթափանցել է Հայաստան:
Հիշեցնենք, որ վերջերս «ՎՏԲ-Հայաստան» բանկը տեղեկացրել էր, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված քիչ քանակությամբ քարտերից (մինչև 200 հատ), երկրի սահմաններից դուրս նախաձեռնվել էին զեղծարարության գործարքներ:
Փորձագետի խոսքով, խնդիր է, որ այդ մասին իրազեկման մակարդակը շատ ցածր է, և հանրությունն այդպես էլ չիրազեկվեց իրավիճակի մասին:
«Բանկը լավ արեց, որ տեղեկացրեց կատարվածի մասին, բայց հանրությունն այդպես էլ չիրազեկվեց, թե ինչ տիպի հարձակում էր դա՝ հաշվի առնելով, որ սա բավականին նոր բան էր Հայաստանի համար: Կարծում եմ՝ հանրությունը շարունակում է մնալ խոցելի, քանի որ Հայաստանում մարդիկ տեղյակ էլ չեն, որ բանկոմատներն ունեն իրենց կիբերները ու ընդհանրապես չեն էլ լսել այդ մասին: Իսկ բանկերի մասին տրամադրված հաղորդագրությունները չեն էլ բացահայտում՝ ինչ է եղել իրականում: Մենք սխալներից դասեր չենք քաղում», -հայտարարեց Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ ճիշտ է, կիբերհարձակման մասին պաշտոնապես հայտարարել է բանկերից մեկը, բայց իր ունեցած տեղեկություններով, առնվազն 3 բանկ ևս Հայաստանում նման խնդիր ունեցել է վերջերս:
«Ես գիտեմ առնվազն 4 բանկ, թեև դրան արձագանքել է բանկերից մեկը: Խնդիրն այն է, որ բանկոմատների վրա հնարավոր է տեղադրել հատուկ՝ կլոնավորող սարքեր (skimer), որոնք կարող են կլոնավորել քարտը: Չարագործը կարող է ձեր քարտի կլոնն ունենալ և օգտվել. ըստ պահանջի կարող է գումար տանել, առևտուր անել: Այստեղ պրոբլեմն այն է, որ Հայաստանում այդ տիպի հարձակումներ չեն եղել մինչ այժմ, հանրությունը տեղյակ չի եղել, որ նման պրոբլեմներ կան, որ կարող է բանկոմատը գողանալ տվյալները», -ներկայացրեց փորձագետը՝ խնդիր համարելով այն, որ պատշաճ իրազեկում բնակչության շրջանում չի կատարվում:
Նույն՝ ոչ պատշաճ իրազեկման արդյունք է նաև այն, որ մարդիկ, ըստ Մարտիրոսյանի, չգիտեն, թե որ բանկոմատներն են առավել անվտանգ, մինչդեռ նրա խոսքով, պետք է իմանալ, որ անվտանգ են համարվում հենց բանկին մոտ տեղադրված բանկոմատները, քանի որ այդ տեղերում վերահսկողությունը ավելի ուժեղ է:
Ներկայացնելով պաշտպանված բանկոմատների տեսքը, Մարտիրոսյանն ասաց, որ դրանց այն մասը, որտեղ մարդը մտցնում է քարտը, ավելի ուռուցիկ է լինում:
«Դա հատուկ միջոց է, որ ոչ մի լրացուցիչ սարք հնարավոր չլինի դնել: Կլոնավորող սարքերը տեղադրվում են նաև «պին» կոդը հավաքելու ստեղնաշարի վրա: Բանկոմատներ կան, որ երկու կողմից սահմանափակող շրջանակ են դնում, որը պաշտպանում է սքիմերից: Մարդիկ կարող են անզեն աչքով տեսնել, որ դա ավելի պաշտպանված բանկոմատ է: Երբ ստեղնաշարը բաց է, ավելի մեծ հնարավորություն կա ինչ-որ բան տեղադրելու», -հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան