Այսուհետ անապահով գյուղացիներն իրենց հողում աշխատելու, կենդանի պահելու համար կվարձատրվեն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը 2016 թվականից մարզերի բնակչության համար իրականացնում է ժամանակավոր զբաղվածություն ապահովող 2 նոր ծրագիր՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» և «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում»:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, նախատեսված է իրականացնել «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» 30 ծրագիր հանրապետության 9 մարզերում:
«Ծրագրի նպատակն է մարզերում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով մեղմել սոցիալական լարվածությունը, ինչպես նաև աջակցել համայնքներին»,- ասաց Արտակ Մանգասարյանը:
Ըստ նրա՝ ծրագիրն առաջնահերթության կարգով իրականացվելու է հանրապետության բարձր և սահմանամերձ բնակավայրերում: Ծրագրում կարող են ընդգրկվել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք: Առաջնահերթությունը տրվելու է աշխատաշուկայում անմրցունակ այն անձանց, որոնց ընտանիքները հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում են ընտանեկան կան սոցիալական նպաստ, ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս երեխա կամ հաշմանդամություն ունեցող անձ, ինչպես նաև վերադարձող միգրանտներին:
Արտակ Մանգասարյանը նշեց, որ ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է: Մասնավորապես, նախատեսվում է գործազուրկներին վարձատրել մի շարք հասարակական աշխատանքների՝ օբյեկտների վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման, ճանապարհների, մայթերի, այգիների բարեկարգման, պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման և մի շարք աշխատանքների համար: Մեկ աշխատանքային օրվա համար պետությունը գյուղացիներին կվճարի 5 հազար դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում ՝ նպատակային սոցիալական վճարը: Ծրագրերի համար հատկացված գումարի չափը 45 մլն դրամ է:
Անդրադառնալով «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրին, Արտակ Մանգասարյանը նշեց, որ այն նպատակ ունի խթանել աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնազբաղվածությունը: Ծրագիրը, ըստ նրա, փորձարկվում է առաջին անգամ: Այս ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել 50 ծրագիր՝ 50 մլն դրամի սահմաններում: Այստեղ նույնպես կարող են ընդգրկվել աշխատաշուկայում անմրցունակ այն անձինք, որոնց ընտանիքները հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում:
Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն արժեքը 1 միլիոն դրամ է:
Արտակ Մանգասարյանի խոսքերով՝ ծրագրով նախատեսվում է գյուղացիներին անասնապահական աշխատանքների կատարման համար վճարել նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով: Գյուղացիների կողմից կենդանիների և ականջապիտակների ձեռքբերման համար պետությունը կտրամադրի 350 հազար դրամ, անասնակերի ձեռքբերման համար միանվագ փոխհատուցումը կկազմի առավելագույնը 230 հազար դրամ: Իսկ անասնաբույժին՝ յուրաքանչյուր ծրագրի մասով աշխատանքների իրականացման համար նվազագույն ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով՝ մեկ տարի ժամկետով: