Չինաստանի դեսպանը կարևորել է տնտեսական հարթակում գործընկերության սերտացմանը նպաստող պայմանների ստեղծումը
«Ձգտելու ենք բարձրացնել ներդրողների համար նպաստավոր միջավայրի ապահովմանն ուղղված համալիր քայլերի արդյունավետությունը՝ ՊԵԿ-ի գործունեությունն աննկատ դարձնելու նպատակով հարկային և մաքսային գործառույթների իրականացման մեխանիզմների կատարելագործմամբ բարենպաստ պայմաններ առաջարկելով ինչպես հայաստանյան, այնպես էլ մեր երկիրն ընտրող օտարերկրյա գործարարների համար», -նշել է ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանն՝ այսօր ընդունելով ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հայտնում են ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեսպանը կարևորել է տնտեսական հարթակում գործընկերության սերտացմանը նպաստող պայմանների ստեղծումը: Դիտարկելով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը և ներմուծում-արտահանում հարաբերակցության մեջ ներմուծման գերակայությունը՝ հատկանշվել է Հայաստանից Չինաստան արտահանման խթանումը, որի պատկերը դրականորեն փոխվել է հանքանյութերի արտահանման ծավալների ավելացման արդյունքում:
Անդրադարձ է կատարվել նաև Չինաստանի արտահանման-ներմուծման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին իրականացվող մաքսային զննման տեխնոլոգիաների ու սարքավորումների արդիականացման ծրագրին, որի շրջանակում «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատունը և Մեղրիի մաքսային կետը համալրվել են զննման ռենտգենյան սարքավորումներով: