Հայաստանում երեք համակարգչից 2-ը վարակված է, ու մարդկանց դա չի մտահոգում. Սամվել Մարտիրոսյան
Աշխարհում Հայաստանը տարիներ շարունակ համարվում է երկիր, որտեղ համակարգիչների վարակվածությունը մեծ տարածում ունի. մոտ 3 համակարգիչներից երկուսը վարակված են տարբեր վիրուսներով: Այդ մասին այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը ՀՀ-ում. հատվածային կարգավորումներից դեպի ռազմավարություն» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարեց ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Դա պակաս իրազեկված լինելու հետևանք է, քանի որ բնակչության մի մասը կամ համակերպվում է վարակված համակարգիչների հետ, քանի որ դրա մեջ չի տեսնում լուրջ վտանգ», -հավելեց փորձագետը:
Նրա խոսքով, Հայաստանը «ոչ նորմալ կիբերզարգացող» երկիր է, և դրա պատճառն այն է, որ մեր երկիրը երկար տարիներ թե տնտեսական ճգնաժամի, թե մենաշնորհի պատճառով հետ է մնացել զարգացումներից:
Այդուհանդերձ, ինքնակարգավորման մեխանիզմները զարգացած են, և հանրությունը իր սխալների վրա կրթվում է:
«Տարիների ընթացքում Հայաստանում գնալով ավելի նվազում են միջադեպերը, երբ համակարգիչները համացանցում հարձակումների են ենթարկվում. Երկու երեք տարվա ընթացքում միջադեպերի թիվը 2-3 անգամ նվազել է և դա եղել է հենց ինքնակարգավորման շնորհիվ և մարդիկ հատուկ դրա համար չեն իրազեկվել, կրթվել: Մարդիկ ուղղակի իրենց սխալների վրա քիչ-քիչ սովորել են», -հավելեց Մարտիրոսյանը: