Ձեր շան անունը ձեր գաղտնաբառը չպետք է լինի. ՏՏ փորձագետ
Ոչ մի արտառոց բան չկա, որ ԱԱԾ-ն վերահսկում է սոցիալական ցանցերում քաղաքացիների հաշիվները: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Իհարկե, մենք մտքում կարող ենք ասել՝ հնարավոր է, որ վերահսկում է, բայց այդ մասին ոչ մի փաստ չկա: Օրինակ, հեռախոսների պարագայում կան մի քանի գործոններ, որոնց առկայության պարագայում կարող ենք հասկանալ, որ հեռախոսը գաղտնալսվում է, բայց չաթերի դեպքում, չունենք նման բան», -հավելեց Մարտիրոսյանը:
Հիշեցնելով Սնոուդենին, փորձագետն ասաց, որ շատ կապի միջոցներ վերահսկվում են ամերիկյան իշխանությունների կողմից, ռուսական կապի միջոցները՝ Ռուսաստանի Գաղտնի ծառայությունների կողմից: Ինչ վերաբերում է հայաստանցի օգտատերերին, Մարտիրոսյանը խորհուրդ տվեց գաղտնի չշփվել սոցիալական ցանցերում:
«Գոյություն ունեն հատուկ ծրագրեր, որոնք թույլ են տալիս վստահելի ու պաշտպանված նամակագրություն իրականացնել: Օրինակ՝ Signal ծառայությունը, որի վերաբերյալ ոչ մի փաստ չկա, թե հասանելի է գաղտնի ծառայություններին: Հենց Սնոուդենը այդ ծրագրից է օգտվել», -նշեց նա:
Facebook սոցիալական ցանցը, ըստ փորձագետի, գաղտնի զրույցի համար վստահելի միջոց չէ.
«Խնդիրն այն է, որ ձեր նամակագրությունը ոչ միայն ձեզ մոտ է, այլ նաև ֆեյսբուքյան սերվերներում: Նույնիսկ եթե ոչ մեկն էլ չվերահսկի, ապա կա հավանականություն, որ սերվերները կկոտրվեն, ու նամակագրությունը պարզապես, կհայտնվի երրորդ անձանց ձեռքին: Այսպիսի դեպքեր եղել են: Այդ իսկ պատճառով, պետք է օգտվել այնպիսի միջոցներից, որոնց դեպքում կամ նամակները միայն երկու հոգու մոտ են, երրորդ տեղ չեն գտնվում կամ էլ այնտեղ պահպանվում են խիստ գաղտնագրված, որ նույնիսկ այդ սերվերի տիրապետողները չեն կարող ընթերցել այդ նամակները»:
Ինչ վերաբերում է գաղտնաբառերի՝ պարբերաբար փոփոխությանը, Մարտիրոսյանն ասաց, որ այն պետք է բարդ լինի՝ տառ, թիվ, նշան:
«Գաղտնաբառը չպետք է լինի հեշտ կռահվող, այսինքն՝ ձեր շան անունը ձեր գաղտնաբառը չպետք է լինի: Բայց անընդհատ փոխելը լավագույն տարբերակը չէ», -նկատեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում վերջին օրերին առնվազն 4 բանկ կիբերհարձակման է ենթարկվել. Սամվել Մարտիրոսյան
- Հայաստանում երեք համակարգչից 2-ը վարակված է, ու մարդկանց դա չի մտահոգում. Սամվել Մարտիրոսյան