Կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 23-ին, 65 տարեկանում, կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Միհրանի Գրիգորյանը:
Գեղամ Գրիգորյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:
Գեղամ Միհրանի Գրիգորյանը ծնվել է 1951 թ. հունվարի 29-ին Երևանում:
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը։ Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971 թվականին, 20 տարեկան հասակում, 1972 թվականին մենահամերգներով մեկնել է արևմտյան Բեռլին։
1975 թվականին կայացավ նրա դեբյուտը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Էդգարի դերերգով, Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում։ Դրան հետևում են Սարոն (Արմեն Տիգրանյանի «Անուշ»), Տիրիթը (Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»), Սայաթ Նովա (Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ Նովա»), Կոմս Ալմավիվա (Ռոսսինի «Սևիլյան սափրիչ»), Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ»)։ 1970-ականներին Գրիգորյանը հայտնի մեներգիչ է եղել ողջ Խորհրդային Միությունում։
1978 թվականին մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfizionamento Artistico) և ընդգրկվել այն չորս երգիչների կազմի մեջ, ովքեր հրավիրվել են աշխատանքային պրակտիկա անցնել «Լա Սկալա»-ում։
Այդ տարիներին Իտալիայում Գեղամ Գրիգորյանը ունեցել է մի շարք համերգներ։ «Լա Սկալա»-ում դեբյուտով հանդես է եկել Պինկերտոնի դերում (Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերա): Այս ելույթից հետո նա «Լա Սկալա»-ի թատրոնի հետ ստորագրել է պայմանագիր այնտեղ «Բորիս Գոդունով» և «Տոսկա» օպերային ներկայացումներում գլխավոր դերերով հանդես գալու համար՝ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի ղեկավարմամբ, ով այն ժամանակ Լա Սկալայի գլխավոր դիրիժորն է եղել։
Գրիգորյանը երգել է աշխարհի բոլոր խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում՝
«Լոնդոնի թագավորական օպերային թատրոն» (Covent Garden) (Մազեպա, Եվգենի Օնեգին), Մետրոպոլիտեն օպերա («Պիկովայա Դամա», «Աիդա», «Պատերազմ և խաղաղություն», «Պարահանդես-Դիմակահանդես», «Արքայազն Իգոր», «Գեղջկական պատիվ», «Տոսկա»), Լա Սկալա (Մադամ Բաթերֆլայ, «Ճակատգրի ուժը», «Բորիս Գոդունով», «Խովանշինա», «Պիկովայա Դամա», «Պատերազմ և խաղաղություն») Տեատրո Կոլոն («Ֆեդորա», «Պայացներ», «Թիկնոց»), Teatro dell’Opera di Roma («Նորմա», «Աիդա» և այլն ), Berlin Konzerthaus («Արքայազն Իգոր»): Գրիգորյանը երգել է Նյու Յորքում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Փարիզում, Վիեննայում, Մյունխենում, Բեռլինում , Ամստերդամում, Մոնտե Կարլոյում, Ջենովայում, Ֆլորենցիայում և այլն։
1990-ական թվականից Գեղամ Գրիգորյանը մշտապես հրավիրվում է մասնակցելու տարբեր միջազգային հեղինակավոր փառատոնների՝ Choregies d’Orange (Օրանժ, Ֆրանսիա), Summer Opera season at the Baths of Caracalla(Teatro Dell’Opera) (Հռոմ, Իտալիա), Ravenna Festival (Ռավենա, Իտալիա), Savonlinna Opera Festival (Սավոնլինա, Ֆինլանդիա), Festival Del Maggio Musicale Fiorentino (Ֆլորենցիա, Իտալիա), Puccini Festival (Տորե դել Լագո, Իտալիա), Salzburg Festiva (Գերմանիա) և այլն։ 1989-96թթ եղել է Tours Festival-ի (Ֆրանսիա) գեղարվեստական ղեկավարության կազմում։
Գրիգորյանը երգել է տենորի համար գրված բոլոր բարդ դերերը («Ռիգոլետո»՝ 208 ներկայացում, «Աիդա» 70 ներկայացում):
Համագործակցել է դասական երաժշտության ասպարեզի բոլոր հսկաների հետ, որոնք կերտել են 20-21-րդ դարերի դասական կատարողական արվեստի պատմությունը՝ Գյաուրով, Միրելլա Ֆրենի, Լեոնտին Պրայս, Գրեյս Բամբրի, Գենա Դիմիտրովա, Լուչիանո Պավարոտտի, Պլաչիդո Դոմինգո, Գերգիև, Զուբին Մետա, Լևիս, Լիվայն, Բարտոլետտի, Սվետլանով, Ռիխտեր։ Ռեժիսորներ՝ Գրենվիկ, Կանչալովսկի, Ձեֆիրելլի, Ջանկարլո Դել Մոնակո, Հուգո դե Անա և շատ ուրիշներ։
Ընդամենը տաս տարվա արտերկրյա ակտիվ հյուրախաղային գործունեության արդյունքում Գեղամ Գրիգորյանը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը, որի ցանկը բացում են լեգենդար Էնրիկո Կարուզոն, Բենիամինո Ջիլին, Ֆրանկո Կորելլին։
2000 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հրավիրվել է Ալ. Սպենդիարայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես գեղարվեստական ղեկավար։ Այս պաշտոնում թատրոնը ղեկավարել է մինչ 2007 թվականը։ Այդ տարիներին թատրոնում Գրիգորյանը որպես ռեժիսոր բեմադրել է Վերդիի «Տրավիատան», հայ կոմպոզիտորների օպերաներ՝ Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Չուխաջյանի «Արշակ Բ»: Իր ղեկավարման ժամանակ հրավիրյալ ռեժիսորների կողմից թատրոնում բեմադրվել են «Կարմեն», «Նորմա», «Ալեկո», «Դոն Ժուան» օպերաները։ Համերգային կատարմամբ ներկայացվել են օպերաներ՝ Չայկովսկի «Իոլանտա», Մոցարտ «Կախարդական սրինգ» և Վիվալդի «Տիգրան Մեծ»: Բեմականացվել են բալետներ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե», «Հավերժություն», Մավիսակալյան-Ճգնավորյան «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ», Շչեդրինի «Կարմեն սյուիտ»:
2005 թվականին թատրոնի գեղարվեստական կազմի մասնակցությամբ, Գառնու հեթանոսական տաճարում, նկարահանվել է Բելինիի «Նորմա» ֆիլմ-օպերան (ռեժիսոր՝ Բորիս Հայրապետյան, Ռուսաստան, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության պրոդուկցիա):
2015 թվականից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և օպերային թատրոնի աշխատակազմի խնդրանքով, վերադարձել է Ալեքսանրդ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես գեղարվեստական ղեկավար։