Հրազդանցին հնարավորություն է ունենալու քվերակել այլընտրանքային թեկնածուի օգտին. քաղաքապետի թեկնածու
Բովանդակային առումով հետաքրքիր ընտրություններ են լինելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հրազդանի քաղաքապետի թեկնածու, «Հայկական վերածնունդ» կուսակցության Կոտայքի մարզի համակարգող նախագահ Արթուր Միսակյանը:
«Վերջին քսան տարիների ընթացքում միշտ եղել է երկու թեկնածու: Տարիներ անց հրազդանցին ուզում է ռեալ փոփոխություն իր կյանքում, հրազդացին հնարավորություն է ունենալու քվերակել այլընտրանքային թեկնածուի օգտին: Ես ապավինում եմ հրազդանցիներին, չեմ փնտրում «դաբրոներ» և հովանավորչություն»,-ասաց թեկնածուն:
Թե որքանո՞վ է «Հայկական վերածնունդը» ծանոթ հանրությանը և որքանո՞վ կնպաստի անվանափոխված կուսակցությունն իր ընտրվելու վրա հարցին, Ա. Միսակյանը պատասխանեց, թե այսօր «Հայկական վերածնունդ»-ին շատ մարդիկ են միացել և սնանկ են այն խոսակցությունները, թե կուսակցությունը չունի հասարակական աջակցություն. «Կուսակցությունը հասարակության մի ստվար հատվածի աջակցությունն ու վստահությունը ունի, ինչը կերևա նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:
Ըստ նրա, Արթուր Միսակյան թեկնածուն, շատ լավ հնարավորություն ունի դառնալու Հրազդանի քաղաքապետ, ինչի մասին հասարակության վերաբերմունքն է խոսում:
«Մարտի 30-ին պաշտոնական քարոզարշավի հենց առաջին օրը տեղի կունենա իմ ծրագրի շնորհանդեսը: Որպես թեկնածու հայտարարում եմ, որ հնարավորն անելու ենք, օրենքով սահմանված կարգով պաշտպանելու ամեն մի ընտրողի քվեն»,-նշեց Հրազդանի քաղաքապետի թեկնածուն:
Լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հրազդան քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցներ այցելությունների հետ կապված խոսակցությունները, նա պատասխանեց. «Մարդիկ այսօր փոփոխություններ ու ռեալ աշխատանք ենք ուզում, նրանք հոգնել են ինտրիգներից և ուշադրություն գրավող շոուներից: Իմ աշխատանքները հրաշալի կերպով ընթանում են, ես որևէ մեկի միջև եղած հակամարտությունը ցանկություն չունեմ քննարկելու»:
Ապրիլի 17-ին Հրազդանում անցկացվելու են քաղաքապետի ընտրություններ: ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սասուն Միքայելյանի, «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը՝ Արթուր Միսակյանի թեկնածությունները:
Հարակից հրապարակումներ`
- Հրազդանի քաղաքապետի ընտրական շտաբը դիմել է Գլխավոր դատախազություն
- Փաշինյանը կդիմի ԱԱԾ
- «Նիկոլ Փաշինյանը փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա». հայտարարություն
- Հրազդանում արդեն երեք առաջադրված թեկնածու կա