Բրյուսելը փորձում է ուշքի գալ ահաբեկչություններից հետո
Մարտի 22-ի սարսափելի ահաբեկչությունից հետո Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում նոր առավոտ է բացվել: Մարդիկ փորձում են գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել: «1tv.ru»-ն անդրադարձել է երեկվա քաոսից հետո Բելգիայի մայրաքաղաքում տիրող տրամադրություններին:
«Չնայած տագնապային իրավիճակին՝ Բրյուսելի բնակիչներն իրենց մեջ քաջություն են գտնում դուրս գալ փողոց, որպեսզի ծաղիկներ ու մոմեր դնեն մետրոյի «Մալբեկ» կայարանի կամ հիվանդանոցների մոտ, որտեղ գտնվում են ահաբեկչությունից տուժածները: Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, շատերի վիճակը ծանր է: Զոհերի թիվը 34-ն է, վիրավորներինը՝ 230: Այսօր երկրում հայտարարվել է եռօրյա սուգ:
Բրյուսելում կատարվածից հետո դժվար է վերադառնալ նորմալ առօրյա կյանքին: Մի կողմից սա ցնցում է, մյուս կողմից՝ նորմալ կյանքին վերադառնալու ձգտում: Մարդիկ սովորականի նման վաղ առավոտյան դուրս են եկել աշխատանքի, մեքենաներ են հայտնվել փողոցներում, թեև դեռ կարելի է հանդիպել փողոցներում պարեկություն անող զինվորականների և ոստիկանների, ինչպես նաև զինվորական մեքենաների:
Ամբողջ գիշեր Բրյուսելի բնակիչները ծաղիկներ են բերել քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակ՝ որպես հարգանքի նշան զոհվածների հիշատակին: Ակցիան շարունակվել է մինչև առավոտ»:
«Մենք միմիանց հանդեպ միասնության և համաձայնության զգացումով ենք լցված այսօր: Այո, մենք սգում ենք և այսօր մենք բոլորս մեկ մեծ ընտանիքի մաս ենք կազմում: Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ցույց տանք, որ չենք վախենում»,-նշել է ակցիայի մասնակից Բրյուսելի բնակիչներից մեկը: