«Ինձ հիացնում է սիրիահայերի ճաշակը»
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի նախասրահում բացվել է ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Այս մասին հայտնում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:
«Ինձ հիացնում է սիրիահայերի աշխատասիրությունը, նվիրումը և ճաշակը: Մենք իրենցից շատ բան ունենք սովորոելու, հատկապես հայկական ավանդական ուտեստներ պատրաստելու հարցում: Կցանկանայի, որ մեր հասարակությունն առավել ակտիվ գնումներ կատարեր: Սիրիահայերն արդեն սկսել են կենցաղային իրերի, կոշկեղենի արտադրություն հիմնել, տեքստիլ արդյունաբերության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալել»,-լրագրողների հետ զրույցում նշել է ցուցահանդեսի բացմանն այցելած սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը նաև ընդգծեց, որ աճել է ցուցահանդեսի մասնակիցների թիվը, և եթե առաջին ցուցահանդեսին 10-12 սիրիահայ է մասնակցել, ապա մարտի 23-ի ցուցահանդեսի մասնակիցների թիվը հասել է 52-ի:
Ցուցահանդեսին ներկայացված էին 50-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, Զատիկի տոնին նվիրված աշխատանքներ, զարդեր, հրուշակեղեն, արևելյան ուտեստներ:
Ցուցահանդես-տոնավաճառը կշարունակվի նաև մարտի 24-ին ժամը 10:00-18:00-ը: