Ավագ չորեքշաբթի
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:
Qahana.am-ը գրում է, որ Ավագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11): Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը: Միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:
Այս տարի փետրվարի 8-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի մարտի 27-ին: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը:
Հարակից հրապարակումներ`
- Ավագ երեքշաբթի
- Ավագ երկուշաբթի
- Մեծ պահք. Ծաղկազարդ
- Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց
- Սկսվում է Մեծ պահքը