Ինչո՞ւ Բրյուսելը
«Ոչ թե լաց՝ այլ բռունցք, ոչ թե համերաշխություն՝ այլ պատիժ»
Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունները ևս մեկ անգամ խառնեցին Եվրոպան ու նրա քաղաքացիներին։ Տեղի ունեցածի համար, ի թիվս աշխարհաքաղաքական իրավիճակի, «Իսլամական պետություն» խմբավորման, վերլուծաբանները մեծապես մեղադրում են Բելգիայի անվտանգության ծառայություններին և ոստիկանությանը, ինչն իսկապես ռացիոնալ է և հիմնավորված։
Ինչո՞ւ Բելգիայի նման հարուստ երկիրը չի կարողանում վերահսկողություն սահմանել ընդամենը 1,4մլն բնակչություն և 19 համայնքներ ունեցող մայրաքաղաք Բրյուսել ռեգիոնի վրա, որի մի քանի համայնքներ դարձել են ծայրահեղականության, արմատականության ու ահաբեկչության օջախներ։
Այս համայնքներից վերջին տարիներին միջազգային մամուլում մշտապես շրջանառվում է Մոլենբեկն ու Սկարբեկը, որի բնակիչները՝ հիմնականում թուրք, արաբ, մարոկացի մահմեդական միգրանտներ, անընդհատ հայտնվում են ահաբեկիչների կամ նրանց հետ կապ ունեցողների դերում։ Այս ամենը քաջ հայտնի է բոլորին, առավել ևս ոստիկանությանը, որը, կարծեք թե, ոչինչ չի անում։ Որոշ ոստիկաններ անգամ խոստովանում են, որ կորցրել են այդ տարածքներում վերահսկողությունը։
Այստեղ կան մի քանի ասպեկտներ, որոնց համադրումն էլ հանգեցրել է Բելգիայում մարգինալների և ծայրահեղականների շատացմանն ու ահաբեկչական օջախների ստեղծմանը։
Առաջինը արժեքային համակարգն է։ Բրյուսելի Մոլենբեկ և Սկարբեկ թաղամասերում մեկ անգամ լինելու դեպքում արդեն պարզ է դառնում, թե ինչպիսի «իրականություն» է տիրում Եվրոպայի մայրաքաղաքում։ Մի քանի տարի ապրելով Սկարբեկից ընդամենը մի քանի քայլ հեռու, կարող եմ ասել, որ այս թաղամասերը ոչնչով չեն «հուշում», որ գտնվում ես Եվրոպայում, ավելին կարող ես քեզ հանգիստ զգալ մի որևէ աղքատ մահմեդական գյուղաքաղաքում․ շենքերի ու տների դիմաց հավաքված անգործ երիտասարդներ, թզբեհներով պապիկներ, չեմ խուսափի այս բառից՝ փնթի, թափթփված երեխաներ ու կանայք՝ մեծ մասը գլխաշորերով, մի մասն էլ բուրկաներով, որն ինձ մոտ ուղղակի սարսափ էր առաջացնում, քանի որ ամեն բուրկայի տակ պատկերացնում ես մի ահաբեկչի։ Այս մարդիկ չեն կարողանում ինտեգրվել եվրոպական հասարակության մեջ, նրանց և եվրոպացիների արժեքային համակարգերն այնքան հեռու են, որ այն, ինչը եվրոպացու համար արժեք է, նրանց համար ծիծաղելի է, և՝ հակառակը։
Երկրորդը ֆինանսական ասպեկտն է։ Այս թաղամասերում ապրող երիտասարդների ճնշող մեծամասնությունը, գործազուրկ է, մարդիկ ապրում են շատ վատ պայմաններում, ինչը ևս նրանց մարգինալացման և ռադիկալացման նախապայմաններից է։ Աշխատանքի շուկայում հնարավորություններ չունեցող երիտասարդներին հեշտությամբ հասանելի է դառնում թմրանյութերի և զենքերի ստվերային շուկան, որը կարող է միանգամից բարելավել նրանց ֆինանսական վիճակը։
Երրորդ ասպեկտը Բելգիայի կառավարման համակարգն է, որը բաժանված է 2 մասի՝ Վալոնիա և Ֆլանդրիա։ Կառավարման բոլոր ոլորտների ծայրահեղ ապակենտրոնացումը և տարբեր կառույցների միջև աշխատանքի համակարգման բացակայությունը երբեմն զավեշտի կարող է վերածվել, որի վառ վկայություններից էր այն, որ Բելգիան համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ 589 օր՝ 2010-2011թթ․-ներին, մնալով առանց կառավարության, քանի որ Վալոնիայի և Ֆլանդրիայի քաղաքական գործիչները ընտրություններից հետո չէին կարողանում համաձայնության գալ քաղաքական հարցերում և կառավարություն կազմել։ Այս նույն ապակենտրոնացումը գործում է նաև ոստիկանության ոլորտում։ 19 համայնքներն ունեն 6 ոստիկանական ուժերը, որոնցից ամեն մեկին բաժին է ընկնում մինչև 150 հազար բնակիչ։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ բավական մեծաքանակ ոստիկանական ուժերով անգամ Բելգիան չի կարողանում վերահսկողություն սահմանել 95,000 բնակիչ ունեցող, ահաբեկչության օջախ դարձած Մոլենբեկ թաղամասում, ինչի պարզ ապացույցն էր այն, որ ոստիկանությունը 4 ամիս շարունակ չէր կարողանում գտնել Փարիզի ահաբեկչության կասկածյալներից Սալահ Աբդեսլամին, ով, ենթադրվում է, որ այդ ողջ ժամանակ եղել է Մոլենբեկում:
Վերջում, բայց ոչ ամենավերջինը, կառանձնացնեմ ոստիկանության աշխատելաոճը հանցագործների հետ՝ ներկայացնելով մի փոքր ու պարզ դրվագ, թե ինչ տեղի ունեցավ, երբ Բրյուսելում գողը մտել էր մի հայի շատ կարճ ժամանակով վարձակալած բնակարան և այնտեղից գողացել մի քանի իրեր՝ ներառյալ դրամապանակը, որի մեջ եղել էին միայն հայկական դրամներ։ Ոստիկանությունը գտավ գողին, «գողոնն» առգրավվեց և․․․, առանց որևէ տուգանքի, առանց որևէ փաստաթուղթ լրացնելու բաց թողեց։ Այո՛, հենց այսպես։ Զարմանքից առաջացած հարցին, թե ոչ մի ձև չի՞ պատժվելու, ոստիկանը հանգիստ պատասխանեց՝ ոչ։
Տպավորությունն այնպիսին է, որ հենց այսպես է ոստիկանությունը վարվում նաև մյուս դեպքերում, քանի որ մինչ այժմ ահաբեկչություն իրականացրած կամ դրա հետ առնչություն ունեցածներից յուրաքանչյուրը հայտնի է եղել ոստիկանությանը որպես հանցագործ և գտնվել է ազատության մեջ։ Բացառություն չեղան նաև նախօրեին Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ իրականացրած Իբրահիմ և Խալիդ Էլ Բաքրաուի եղբայրները, ովքեր ևս հայտնի են եղել ոստիկանությանը որպես «հանցագործներ, բայց ոչ ահաբեկիչներ»։
Տարբեր «իրականություններում» ապրող, տարբեր արժեքներ ու տարբեր ֆինանսական միջոցներ ունեցող այս մարդկանց վերահսկելու, ահաբեկչական օղակները վերացնելու գործում, ինչպես ցույց է տալիս փորձը, չի կարող օգնել եվրոպական «պոլիտկոռեկտությունը», լաց լինելը, ինչն արտահայտվում է անգամ ահաբեկչություններից հետո ծաղրանկարիչների կողմից ստեղծվող նկարներում՝ լացող դրոշ, լացող-միզող տղա կամ լացող Թեն-Թեն։ Այս մարդկանց արժեքներն ուղղակի պահանջում են բռունցք և պատիժ, այն էլ շատ խիստ ու կոլեկտիվ։
Եվրոպան, նույն քաղաքականությունն իրականացնելու դեպքում, կանգնելու է շատ ավելի մեծ խնդրի առաջ՝ իշխանությունների ծայրահեղականացման և «Եվրոպայի ավարտի»։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպացիներն իրենց մեջ, կարծես թե, «հանգցրել» են առոգանտությունը, ազգայնամոլությունն ու անհանդուրժողականությունը, բայց ամեն մի նման ահաբեկչությունը կայծ է տալիս, որ այն կրկին վառվի, որի արդյունք է լինելու ազգայնական ուժերի իշխանության գալը, ինչին արդեն իսկ ականատես ենք լինում Ֆրանսիայում, երբ ծայրահեղական կուսակցությունը ստանում է ռեկորդային թվով ձայներ, Գերմանիայում, որտեղ վերջին ընտրություններում հաղթանակ տարան հակամիգրացիոն կուսակցությունները։
Պատմությունը կրկնվելու սովորություն ունի։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները