Հայաստանում Ճառագայթային բուժման ժամանակակից կենտրոն կստեղծվի
Հայաստանում Ճառագայթային բուժման ժամանակակից կենտրոն կստեղծվի: Այս մասին որոշումը հաստատվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի փոխանցմամբ, նախագծի ընդունումը պայմանավորված է Ուռուցքաբանության գերազանցության կենտրոն ստեղծելու մասին կառավարության որոշմամբ , ինչպես նաև չարորակ նորագոյացություններով հիվանդացության թվի տարածվածության ու մահացվածության էական աճով:
Նախարարի խոսքերով՝ ճառագայթային բուժումը հանդիսանում է չարորակ նորագոյացությունների բուժման առավել տարածված ու ծախսարդյունավետ մեթոդներից մեկը, որը ցուցված է չարորակ նորագոյացություններով հիվանդների մինչև 50 տոկոսին:
Ըստ Արմեն Մուրադյանի՝ ներկայում ճառագայթային բուժման ծառայություններ են մատուցվում Երևանում` ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերում: Սակայն, առկա ճառագայթային բուժման սարքավորումների մեծ մասն ունի 10 և ավելի տարվա մաշվածություն, ինչը բացասական է անդրադառնում բուժման արդյունավետության վրա: Իսկ Հայաստանում Ճառագայթային բուժման ժամանակակից կենտրոնը հագեցած կլինի ժամանակակից բուժման ու ախտորոշիչ սարքավորումներով:
Համաձայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ուղեցույցների հիման վրա մշակված ծրագրի` ճառագայթային բուժման նոր կենտրոնն ի զորու կլինի բնակչությանը մատուցել հետևյալ ծառայությունները. Ժամանակակից հեռահար և բրախիթերապիա` 2 գծային արագացուցչի և բարձր դոզայի բրախիթերապիայի սարքավորման, ինչպես նաև բուժման պլանավորման եռաչափ համակարգերի կիրառմամբ: Ազգաբնակչությանը կմատուցվեն նաև արդի ախտորոշման ծառայություններ, որոնց կարողությունները պետական բժշկական կենտրոններում սահմանափակ են` մագնիսառեզոնանսային և համակարգչային շերտագրերի, թվային ռենտգենի, մամագրաֆիկ և այլ սարքավորումների կիրառմամբ:
Ճառագայթային կենտրոնը նախատեսված է տարեկան առնվազն 1000 հիվանդի հեռահար բուժման (որից շուրջ 30% կստանա պալիատիվ բուժում), ինչպես նաև շուրջ 400 հիվանդի բրախիթերապիայի համար: Առնվազն նույն քանակի հիվանդների համար նախատեսվում է իրականացնել ժամանակակից ախտորոշում (ՄՌՇ, ՀՇ, մամոգրաֆիա):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա