Մեր աշխարհընկալման մեջ ընդունված չի եղել, որ կանայք պառկեն և մեխեն իրենց ասֆալտին. ՀՀԿ խոսնակ
Հայաստանում ցանկացած ակցիա պետք է իրականացվի ՀՀ օրենսդրության խստագույնս պահպանման պայմաններում և թե ոստիկանները, թե հասարակությունը պետք է հարգեն ՀՀ օրենսդրությունը: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով «Նոր Հայաստանի» այսօրվա ակցիային՝ նա նշեց, որ ընդունում է՝ քաղաքացիներն իրենց կարծիքը կարող են արտահայտել նաև ակցիաների միջոցով, բայց իր համար անակնկալ էր՝ տեղի ունեցավ մի բան, որը «գոնե մեր մենթալիտետի համար, կամ մեր մայրաքաղաքում ու երկրում կարծես թե առաջին անգամ տեղի ունեցավ»:
«Մեր աշխարհընկալման մեջ, մեր Հայաստանում ընդունված չի եղել, որ կանայք պառկեն և մեխեն իրենց ասֆալտին: Ես չգիտեմ, միգուցե դա այլ ձև է, ինձ համար դա մի քիչ անակնկալ էր»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը նկատեց, որ չի ուզում դատավորի դեր ստանձնել, բայց իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ոստիկաններն իրենք չէին ցանկանում, որ բախումներ լինեին:
«Մենք պետք է զերծ մնանք սադրանքներից, ինձ համար դրանք ընդունելի չեն: Ի վերջո, մենք շատ ենք հարգում մեր քաղաքացիներին, նրանց ազատության իրավունքը, բայց յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում, ակցիաների ժամանակ հարգանք կա ոստիկանների նկատմամբ: Մենք պետք է սովորենք հարգել մեր ոստիկաններին»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին