Տուբերկուլոզը և այն հաղթահարած աղջկա պատմությունը
Բժշկական ախտորոշումը երբեմն դատավճռի պես է հնչում. եթե հիվանդությունը ծանր է, շատերը հուսալքվում են, հրաժարվում են բուժվել և այդպիսով մահվան դատավճիռ են կայացնում իրենք իրենց համար: Սակայն կյանքի համար պետք է պայքարել:
26-ամյա Մարիամը, արդեն ութ տարի է՝ զբաղվում է տուբերկուլոզի դեմ պայքարով: Իսկ այդ ամենը սկսվել է այն բանից հետո, երբ Մարիամը բախվեց տուբերկուլոզի հետ: 18 տարեկան էր, երբ նրա մոտ ախտորոշեցին այդ հիվանդությունը: Թուլություն, բարձր ջերմություն, հազ, կրծքավանդակի հատվածում հաճախակի ցավեր, քաշի կորուստ: Այս ախտանիշերը նկատելուց հետո Մարիամը դիմեց բժշկի, որից հետո պարզվեց, որ վարակվել է տուբերկուլոզով:
Մարիամը խոստովանում է, որ հիվանդությունը չի կարող ընկճման պատճառ դառնալ, եթե մարդը լավ իրազեկված է, սակայն իր մոտ ի սկզբանե ընկճվածության խնդիր եղել է, որը ժամանակի ընթացքում հաղթահարել է: Բուժումը տևել է մոտ 2,5 տարի, սակայն, ինչպես Մարիամն է խոստովանում՝ երբեք չի հուսահատվել, այլ ապագայի ծրագրեր է մշակել:
«Բուժման ընթացքում հետաքրքրություն է առաջացել ոլորտի հանդեպ և սկսեցի ավելի հանգամանորեն ուսումնասիրել և խորանալ այդ հիվանդության գաղտնիքների մեջ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարիամ Ավանեսովան:
Հետագայում նրա մոտ ցանկություն է առաջացել աշխատել տուբերկուլոզով հիվանդների հետ և 4-5 տարի կամավոր այդ գործով զբաղվելուց հետո հրավեր է ստացել աշխատելու Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում՝ որպես հոգեբան: 2015թ-ին հիմնադրել է «Տուբերկուլոզը և ես» ՀԿ-ն, որը զբաղվում է տուբերկուլոզով հիվանդների սոցիալ-հոգեբանական հարցերով, նրանց իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ: Մարիամն ասում է, որ տուբերկուլոզով շատ հիվանդներ դեռևս ձգտում են իրենց հիվանդությունը գաղտնի պահել` հասարակության խարանից խուսափելու համար:
«Այսօր մենք դեռ կարծրատիպեր կոտրելու խնդիր ունենք, մարդիկ հիվանդությունը թաքցնելով փորձում են խուսափել տհաճ միջադեպերից, բայց տուբերկուլոզը համարվում է բուժելի հիվանդություն և ժամանակն է այդ մասին խոսենք ազատ, ինչպես բոլոր հիվանդությունների մասին»,- նշեց նա: Մարիամը ոչ միայն չի լռում, այլև սեփական օրինակով փորձում է ցույց տալ, թե ինչպես պետք է հաղթահարել այս հիվանդությունը: Այսօր Մարիամը զբաղվում է սիրած աշխատանքով, շուտով էլ կմայրանա:
Նշենք, որ տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ նշվում է ամեն տարի մարտի 24-ին՝ այն օրը, երբ 1882-ին գերմանացի միկրոկենսաբան Ռոբերտ Կոխը հայտարարել է տուբերկուլոզի հարուցիչի իր բացահայտման մասին:
Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող այս վարակը` տուբերկուլոզը, լիովին բուժելի է, եթե ժամանակին հիվանդը ախտորոշվի և խստորեն հետևի մասնագետի խորհուրդներին: Բուժման խախտումը կարող է հանգեցնել բազմադեղակայուն տուբերկուլոզի, որն ավելի երկարատև բուժում է ենթադրում:
Չնայած տուբերկուլոզը բուժելի է, այն շարունակում է տարածվել` սպառնալով միլիոնավոր մարդկանց առողջությանը, տնտեսական և սոցիալական բարեկեցությանը: Այն շարունակում է տարեկան մոտ 1.5 մլն կյանք խլել, և հաճախ թիրախ են դառնում բնակչության առավել խոցելի խմբերը:
Ինչպիսի՞ն է տուբերկուլոզի իրավիճակը Հայաստանում
Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված «2007-2015 թվականների Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում: Ծրագրի նպատակն էր նվազեցնել տուբերկուլոզով հիվանդացության և մահացության աճը, բարելավել Հայաստանում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը, ինչպես նաև նվազեցնել մահացությունը: Մասնագետները փաստում են, որ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին Հայաստանում արձանագրվում է տուբերկուլոզի համաճարակային իրավիճակի բարելավում:
«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում նկատվում է տուբերկուլոզով մահացության և հիվանդացության դեպքերի նվազում։ 2015 թվականին 100 հազար բնակչի հաշվով հիվանդացության ցուցանիշը կազմել է 28,8, իսկ մահացության ցուցանիշը` 1.6: Այսինքն՝ եթե համեմատենք տարիներ առաջ, երբ ազգային ծրագիրը նոր էր սկսվում, հիվանդության ցուցանիշը կրճատվել է մոտ 2.5 անգամ, իսկ մահացության ցուցանիշը` շուրջ 3 անգամ։
Նրա խոսքերով՝ հիվանդացության բարձր ցուցանիշներ ունեն Երևանում և Շիրակի մարզում, իսկ ամենացածրը՝ Վայոց ձորի մարզում:
Արմեն Հայրապետյանը նշեց, որ աշխատանքային միգրանտները խնդիր են տուբերկուլոզի առումով, քանի որ կան հիվանդներ, որոնք բուժումը սկսում են, 1–2 ամիս անց` որևէ բարելավում նկատելուն պես, կիսատ են թողնում իրենց բուժումը և մեկնում են արտագնա աշխատանքի։ Հիվանդությունն ավելի է սրանում այդ ընթացքում։ «Մենք նման դեպքեր հաճախ ենք արձանագրում, եթե նախկինում բուժվում էին դեղազգայուն տուբերկուլոզով, ապա հետո վերադառնում են դեղակայուն ձևով, ծանր պրոցեսով և համակցված տարբեր հիվանդություններով։ Այդ ժամանակ բուժումը տևում է 2-2,5 տարի»,- ասաց նա:
Սակայն, ըստ Արմեն Հայրապետյանի, տարեցտարի նվազում է բուժվել չցանկացող հիվանդների թիվը: «Ամեն դեպքում նրանց հետ աշխատում են մեր հոգեբանները, սոցիալական աշխատողները։ Ունենք մի քանի բուժման մոդել, եթե տեսնում ենք, որ նրանք հրաժարվում են հիվանդանոցային պայմաններում բուժումը շարունակելուց, կազմակերպում ենք տնային պայմաններում բուժում, որպեսզի չկտրենք առօրյայից, բայց նաև բուժումը շարունակի»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով հիվանդներին տրամադրվող սոցիալական աջակցությանը, Արմեն Հայրապետյանը նշեց, որ սննդային փաթեթները, որոնք տրամադրվում էին տուբերկուլոզով հիվանդներին որպես սոցիալական աջակցություն, 2014 թ-ի հուլիսի 1-ից Առողջապահության նախարարության կողմից ներդրվել է տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության նոր ծրագիր: «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» կողմից հիվանդների հետ կնքվել են համաձայնագրեր, բացվել են բանկային հաշիվներ և տրամադրվել բանկային քարտեր: Այսպիսով` հանրապետության մարզերում և Երևանում բուժման ամբուլատոր փուլում գտնվող տուբերկուլոզով բոլոր հիվանդները ստանում են ֆինանսական աջակցություն:
Մասնավորապես` 90% բուժման հետևողականության ապահովման դեպքում դեղազգայուն հիվանդին ամսական փոխանցվում է 8000 դրամ, իսկ դեղակայուն հիվանդին` 13000 դրամ: Փոխհատուցվում են նաև պոլիկլինիկա այցելած բոլոր հիվանդների տրանսպորտաին ծախսերը` ելնելով պոլիկլինիկայի և բնակավայրի միջև ընկած հեռավորությունից և օգտվող տրանսպորտային միջոցների քանակից:
«90 տոկոս բուժման հետևողականությունը նշանակում է, որ յուրաքանչյուր ամիս, երբ հիվանդը բուժման մեջ է, պետք է ապահովի 24–26 այց, նվազագույնը 24 օր պետք է պարտադիր բուժում ստանա, որպեսզի նրան այդ ֆինանսական աջակցությունը տրամադրվի»,- ասաց Արմեն Հայրապետյանը՝ հավելելով, որ, երբ նոր էին սկսել այս ծրագիրը, շուրջ 100 հիվանդ չէր կարողանում քարտեր ստանալ, քանի որ վատ վարկային պատմություն ունեին, սակայն հիվանդների համաձայնությամբ ու համապատասխան լիազորագրի հիման վրա քարտերը բացվել են հիվանդների ընտանիքի անդամների անունով, որպեսզի կարողանան ստանալ այդ խրախուսական միջոցները։
Արմեն Հայրապետյանը նաև տեղեկացրեց, որ Կառավարության առաջիկա նիստերից մեկում կներկայացվի 2016–2020 թվականների ռազմավարությունը, որն իր մեջ շարունակելու է բուժման, ախտորոշման ու կանխարգելման գործընթացը, նոր սերնդի հակատուբերկուլոզային դեղերի կիրառումը, լուրջ շեշտադրում է լինելու լաբորատոր հսկողության որակի բարձրացման, ինչպես նաև ներհիվանդանոցային վարակի տարածման վրա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները