Երևանում հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող 13 երեխա
Այս տարվա փետրվարի տվյալներով Երևանի տարածքում հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող 13 երեխա: Նման տվյալներ են ներկայացվել մուրացկանությամբ զբաղվող, թափառաշրջիկ անչափահասների խնդիրների հետ կապված քննարկման ժամանակ:
Քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի պետ Իդա Խաչատրյանը նշել է, որ ոստիկանության հետ համատեղ պարբերաբար տնայցեր են կազմակերպվում, բացատրական աշխատանքներ են տարվում ծնողների հետ:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը նկատել է, որ, ցավոք, մայրաքաղաքում խնդիրը շարունակում է մնալ արդիական:
Հանդիպման ընթացքում ներկայացնելով մինչ օրս մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների հետ տարված աշխատանքները՝ մասնավոր դեպքերի օրինակներով քննարկվել են նաև խնդիրների լուծման նոր մոտեցումների կիրառման հնարավորությունները, օրենսդրական դաշտում կարգավորումների անհրաժեշտությունը: Արված առաջարկներն առաջիկայում կուսումնասիրվեն առավել մանրամասն՝ մուրացիկ անչափահասների խնդիրների կարգավորման աշխատանքներում ներառելու նպատակով: