Մահացել է լեգենդար Յոհան Կրուիֆը
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Յոհան Կրուիֆը մահացել է 69 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է «The Guardian»-ը: Վերջին ամիսներին նա պայքարում էր ծանր հիվանդության դեմ: Հոկտեմբերի վերջին հաստատված բժշկական եզրակացությունը մահվան դատավճիռ էր՝ թոքերի քաղցկեղ:
«2016 թ. մարտի 24-ին Յոհան Կրուիֆը մահացավ Բարսելոնում, իր ընտանիքի շրջապատում՝ երկար ժամանակ պայքարելով քաղցկեղի դեմ: Խնդրում ենք ձեզ հարգանքով վերաբերվել սգացող մերձավորների անձնական կյանքին»,- նշված է Յոհան Կրուիֆի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ:
Հենդրիկ Յոհաննես (Յոհան) Կրուիֆ
Ծնվել է 1947 թ. ապրիլի 25-ին, Ամստերդամում: Հարձակվող: Հանդես է եկել «Այաքսում» (1964-1973, 1981-1983), «Բարսելոնում» (1973-1978), «Լոս Անջելես Ացտեկսում» (1979-1980), «Վաշինգտոն Դիպլոմատսում» (1980-1981), «Լևանտեում» (1981) և «Ֆեյենորդում» (1983-1984):
Եվրոպայի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, 2-րդը՝ աշխարհի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում՝ ըստ IFFHS-ի վարկածի, «World Soccer»-ի վարկածով՝ 3-րդը 20-րդ դարի մեծագույն խաղացողների շարքում: Իր կարիերայի ընթացքում անցկացրել է 752 խաղ և խփել 425 գոլ:
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո զբաղվել է մարզչական գործունեությամբ՝ նվաճելով բազմաթիվ մրցանակներ: