Ոստիկանությունն օդանավի պայթեցնելու մասին տեղեկությունը ստուգում է
«Զվարթնոց» օդանավակայանում օդանավ պայթեցնելու մասին տարածված տեղեկությունը ստուգվում է: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Արմենիա միջազգային օդնավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանն ասաց, որ այս պահին օդանավակայանը շարունակում է բնականոն աշխատանքը:
«Այս պահին սովորական, աշխատանքային վիճակ է: Ոչ մի լարվածություն, ոչ մի խուճապ չկա: Այն, ինչ վերահսկվելու է, վերահսկվում է»,-ասաց նա:
ԱԻՆ-ից Panorama.am-ին ասացին, որ իրենք որևէ ահազանգ չեն ստացել:
ՔԱԳՎ մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը հայտնեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
««Զվարթնոց»-ն աշխատում է բնականոն ռեժիմով, ընդունում է չվերթներ, ուղարկում է չվերթներ: Ուժային ծառայություններն օդանավակայանի տարածքում ստացիոնար են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ոչ թե գալիս են, գնում են: Իրենք ամեն օր, ամեն ժամ են այստեղ: Ամեն բան նորմալ է, օդանավի պայթեցնելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց Գրձելյանը: