Russia Today. Թուրքիան ԻՊ-ից նավթը ձեռք է բերում 12 դոլարով
Թուրքիա-«Իսլամական պետություն» նավթի առևտուրը իրականացվում է լայն արտադրական մասշտաբներով, իսկ մեկ բարել նավթի համար Անկարան վճարում է 12 ԱՄՆ դոլար: Այս մասին են վկայում «Russia Today» հեռուստաալիքի կայքում տեղադրված փաստաթղթերը, որոնք գործակալությանն են փոխանցվել սիրիական Աշ-Շադադի քաղաքն ազատագրած քրդական ինքնապաշտպանական ուժերի կողմից, ինչպես նաև գերի ընկած «ԻՊ» զինյալների խոսքերը:
Աղբյուրի փոխանցմամբ, գերեվարված զինյալները Թուրքիայի, Սաուդիան Արաբիայի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ են: Նրանք ծավալուն տեղեկատվություն են տրամադրել «ԻՊ»-Թուրքիա տնտեսական և այլ բնույթի կապերի մասին:
Այսպես, թուրքական ծագմամբ ԻՊ զինյալը պատմում է, որ իսլամիստների ճնշող մեծամասնությունը Սիրիայում է հայտնվում Թուրքիայի տարածքով: Թուրքական իշխանություններն ու սահմանապահները որևէ կերպ չեն խոչընդոտում այդ գործընթացին: Նրա խոսքով, սահմանին տեղակայված մեծ քանակությամբ թուրքական զինված ուժերը որևէ կերպ չեն արձագանքում սահմանը հատելու բոլոր փորձերին:
Որպես ապացույց այն բանի, որ զինյալները անարգել են հատում թուրք-սիրիական սահմանը քուրդ աշխարհազորայինները գործակալությանն են տրամադրել սպանված և գերեվարված զինյալների անձնագրերը:
Կապոցում մասնավորապես եղել են Լիբիայի, Թունիսի, Բահրեյնի և անգամ ՌԴ անձնագրեր: Գերեվարվածների խոսքով, անձնագրի փոխարեն ԻՊ «նորակոչիկը» ստանում է քարոզչական գրականություն: Բացի դրանից գործակալության տրամադրության տակ են հայտնվել նավթի վաճառքի հաշիվ-ապրանքագրերը, ըստ որոնց թուրքական նավթատարների վարորդները ԻՊ-ից նավթը ձեռք են բերել 12-26 դոլար մեկ բարելի դիմաց գնով:
«RT»-ն նաև նշում է, որ հետաքննության արդյունքներով կպատրաստվի վավերագրական ֆիլմ, որը եթեր կհեռարձակվի մեկ ամիս անց: