Սահմանադրական բարեփոխումների հիմքում պետք է դրվի ժողովրդավարության և իրավունքի գերակայության հետագա ամրապնդումը. Բակո Սահակյան
«Ցանկացած պետությունում, մեր երկրում ևս հասարակական հարաբերությունները անընդհատ փոփոխվում են՝ պահանջելով իրավակարգավորման նոր լուծումներ, որոնցից մի մասը առաջացնում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն»,-այս մասին նշել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխություն կատարելիս պետք է ելնել երկրի անվտանգության, ժողովրդավարության և հասարակության համախմբվածության ամրապնդման հրամայականից: Դա պարտավորեցնում է հանրային և պետական շահը վեր դասել ամեն ինչից:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումների հիմքում պետք է դրվի ժողովրդավարության և իրավունքի գերակայության հետագա ամրապնդումը, իշխանության ճյուղերի հավասարակշռումը, պետական կառավարման արդյունավետության բարձրացումը՝ հավելելով, որ անհրաժեշտ է լինելու անել ամեն ինչ` գործընթացը բաց ու թափանցիկ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում անցկացնելու համար:
«Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և հենց ինքն է որոշում իր ապագան: Մեր ժողովրդի արժեհամակարգը, նրա պատմությունը և անցած ուղին, լավատեսությունը և սեփական ուժերին ապավինումը թույլ կտան նրան կատարել ճիշտ ընտրություն»,- եզրափակել է Նախագահ Սահակյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները, օրենսդիր, գործադիր և դատական թևերի ներկայացուցիչներ: