Դեռևս պարզ չէ «Հայակ-2016»-ը կանցկացվի, թե ոչ
Ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունը հնարավոր է այս տարի չանցկացվի: Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը դժվարացավ պատասխանել՝ թե այս տարի ե՞րբ է կայանալու մրցանակաբաշխությունը: Նա նշեց, որ «Հայակ»-ը ֆինանսավորող երկու կազմակերպություն տարբեր ժամանակներում անհայտ պատճառներով հրաժարվել են ֆինանսավորել:
«Հիմա մենք բանակցություններ ենք վարում: Եթե մինչև այս ամսվա վերջ գտնենք ֆինանսավորման աղբյուր, անպայման կլինի, եթե ոչ, կարող է տեղափոխենք»,- ասաց Գ.Գևորգյանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ բանակցությունները կտան դրական արդյունք:
Այսինքն, նրա խոսքով, այս ամսվա վերջ պարզ կլինի՝ այս տարի կանցկացվի «Հայակ» մրցանակաբաշխություն, թե ոչ:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պետությունը չի ֆինանսավորում, Ազգային կինոկենտրոնի տնօրենն ասաց. «Պետությունը մրցանակաբաշխությունները չի ֆինանսավորում, ի տարբերություն փառատոների: Չնայած միշտ էլ պետությունը մեզ օգնել է փոքր չափով, բայց հիմնական ֆինանսավորման աղբյուր է պետք: Այնպիսի միջոցառում է, որ կամ պետք է լավ արվի, կամ չարվի: Հենց այնպես չի կարելի անել»:
Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Ազգային կինոյի մրցանակաբաշխությունն ստեղծվել է ազգային կինոարտադրության խթանման ու զարգացման, նոր անունների բացահայտման, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելու, երկրի կինոգործիչներին համախմբելու, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելու, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելու նպատակով:
«Հայակ» մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին: Որոշում էր կայացվել 2015-ին կինոմրցանակաբաշխություն չանցկացնել՝ պայմանվորված 2015 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գերհագեցած ու բազմաբնույթ ծրագրերի անցկացումով: Մրցանակաբաշխության կազմկոմիտեն որոշում էր կայացրել հերթական «Հայակ»-ը 2016 թվականի գարնանն անցկացնելու մասին։