Ճապոնիայի վարչապետը խոսել է «վաղեմի երազանքից»՝ Կուրիլյան կղզիների վերադարձից
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը և «հյուսիսային տարածքների»` Կուրիլյան կղզիների մի շարք հարավային կղզիների վերադարձը բնութագրել է որպես ճապոնացիների «վաղեմի երազանք»:
«Հյուսիսային տարածքների վերադարձը և խաղաղության պայմանագրի կնքումը ճապոնացի ժողովրդի վաղեմի երազանքն է: Մենք կցանկանայինք իրագործել այն, քանի դեռ առողջ են կղզիների առաջին բնակիչները», - «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ճապոնիայի վարչապետը:
Տոկիոն հավակնում է Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան կղզիներին և Հաբոմաի արշիպելագին, որոնք ներկայումս Ռուսաստանի տիրապետության տակ են: Այդ կղզիների վերադարձը Տոկիոն նշել է որպես Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հիմնական նախապայման: Երկու երկրների միջև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության պայմանագիր չի կնքվել:
Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում այն է, որ Կուրիլյան կղզիների հարավային հատվածները ԽՍՀՄ կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, և ռուսական վերահսկողությունն այդ կղզիների նկատմամբ միջազգային իրավական ձևակերպում ունի ու կասկածի տակ չի դրվում: