Հրազդանի քաղաքապետ. «Թող Նիկոլը մտածի իր պարտության մասին». «Իրատես de facto»
«Իրատես de facto»-ը զրուցել է Հրազդանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի հետ:
-Պարոն Դանիելյան, ի՞նչ եք անելու հաջորդ չորս տարիներին, եթե հրազդանցին կրկին Ձեզ ընտրի, ի՞նչ նիշ եք վերցրել:
-Քաղաքապետը, գիտեք, տնտեսության կառավարիչ է, մեզանում էլ քաղաքաշինական խնդիրներն Աստված տվել, չի խնայել, անվերջ առկա են` չորս գումարած չորս ու գումարած չորս տարի շարունակ: Քաղաքում ջրամատակարարումը երկու ժամից դարձրել ենք 18-24 ժամ. 480 կմ ջրագիծ է փոխվել այս ընթացքում. այսօր արդեն անհրաժեշտություն կա լուծելու ջրահեռացման, կոյուղու խնդիրը, ինչը, այսպես ասած, բավականին թանկ հաճույք է` արժե մոտ 15 միլիոն դրամ: Պետք է անպայման միջոցներ գտնել այն իրականացնելու համար: Տանիքների, երկրորդական ճանապարհների վերանորոգման աշխատանքները պետք է ավարտուն տեսք ստանան, նոր աշխատատեղերի խնդիր կա, որ աքիլլեսյան գարշապար է դարձել ողջ հանրապետության համար, պետք է անպայման այլընտրանքային լուծումներ գտնենք նաև այդ ուղղությամբ: Տեղեկացնեմ, որ հունիսին մեզ մոտ կսկսվեն հանրապետությունում իր տեսակի մեջ առաջին ժամանակակից աղբավայրի կառուցման աշխատանքները` 8 միլիոն դոլար արժողությամբ. գումարը տրամադրել է Ասիական բանկը:
-Ասացիք, որ քաղաքապետը տնտեսական կառավարիչ է, սակայն Հրազդանի ընտրությունները վերջին տարիներին վերածվել են «զտարյուն» քաղաքական ընտրությունների, լուրջ պայքար է գնում ոչ միայն Հրազդան քաղաքի համար, այլև քաղաքական մատրիցան է երևակվում, կոդավորում ստանում: Բացառություն չեն նաև այս ընտրությունները: Հիշեցնեմ, որ նախորդ անգամ ողջ ՀԱԿ-ն ու նրա առաջնորդ ԼՏՊ-ն էին «ոտքի վրա»` հանուն Սասուն Միքայելյանի: Այս անգամ Նիկոլ Փաշինյանն է բուն մոդերատորը: Արամ Դանիելյանը, ի վերջո, պայքարում է Սասունի՞, թե՞ Նիկոլի դեմ:
-Հրազդանի քաղաքապետի ընտրություններն ընդամենը տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են, ու եթե ոմանք ուզում են քաղաքական հարթակ ունենալ` ի դեմս Հրազդանի, դա իրենց խնդիրն է` մեկ վերջնական նկատառմամբ. քաղաքի տերը հրազդանցին է, ինքն էլ տարիներ շարունակ ցույց է տվել, թե ինչպիսին է իր մոտեցումը:
-Եթե Դուք հաղթեք, համարելու եք, որ Նիկոլի՞ն եք հաղթել, այո՞:
-Ես այլ մրցակից, քան մեր քաղաքի խնդիրներն են, չունեմ. ես պիտի հաղթահարեմ իմ քաղաքի խնդիրները: Թող Նիկոլը մտածի իր պարտության մասին: Ուրիշ ոչինչ:
-Ասում են` «կոնկուրենտ ֆիրման» լուրջ, ընդհուպ մինչև արևմտյան, քաղտեխնոլոգիաներ է կիրառելու այս ընտրություններում, պատրա՞ստ եք դիմագրավելու:
-Ասեմ, որ 2012-ին էլ նրանք բավականին լուրջ, ծանրակշիռ ու մեծ թիմով էին այստեղ պայքարում: Ե՞վ…
-Դե, ասում են` ՀՀԿ-ի խախտումները «հավերժ» են»:
-Հրազդան քաղաքի ընտրությունների ժամանակ ոչ մի կեղծարարություն, ոչ մի խախտում չեն եղել: Դա փաստվեց 2012-ին, երբ հանրապետության բոլոր կարկառուն ընդդիմադիր ուժերի ղեկավարները գտնվում էին Հրազդան քաղաքում, և տեղամասերում վստահված անձինք էին Դավիթ Շահնազարյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Մանուկյանը, Գուրգեն Եղիազարյանը։ Ոչ մի վստահված անձ որևէ խախտման մասին դիմում չներկայացրեց ընտրական հանձնաժողով:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան