Հարցում. Ռուսաստանցիների մեկ քառորդը ստալինյան բռնաճնշումները համարում է անհրաժեշտություն
Ռուսաստանցիների կեսից ավելին երկրի կյանքում Իոսիֆ Ստալինի դերը դրական է գնահատել, սակայն 60%-ը այնուհանդերձ չէր ցանկանա ապրել նրա կառավարման օրոք: «Ինտերֆաքս» լրատվականը հրապարակել է «Լևադա կոնտրոնի» կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները:
Հարցումն անց է կացվել մարտի 11-14-ը ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել են ՌԴ 48 շրջանների 137 տարբեր բնակավայրերում ապրող շուրջ 1600 մարդ: Ռուսաստանի քաղաքացիները ընդունելով որ Իոսիֆ Ստալինը բռնապետ էր, այդուհանդերձ դրական են գնահատել նրա դերը երկրի կյանքում և ավելի հաճախ են որպես քաղաքական անհրաժեշտություն ներկայացնում իրականացրած բռնաճնշումները:
«Լևադա կենտրոնի» սոցիոլոգները փաստում են, որ տարիների ընթացքում ստալինյան բռնաճնշումնեհրի վերաբերյալ գնահատականները նկատելիորեն փոխվել են: Եթե 2007թ.-ին անցկացված համապատասխան հարցման արդյունքներով հարցվածների ընդամենը 9%-ն էր քաղաքական անհրաժեշտության նկատառումներով արդարացնում ստալինյան բռնաճնշումները, ապա այժմ այս կարծիքը կիսում է հարցվածների մոտ մեկ քառորդը (26%): Այժմ քաղաքական բռնաճնշումները հանցագործություն են որակում հարցմանը մասնակցածների ընդամենը 45%-ը նախկինում արձանագրված 72%-ի փոխարեն:
Հատկանշական է, որ հարցմանը մասնակցածների 30%-ը հրաժարվել է պատասխանել այս հարցին, կամ այդ բնագավառում դրսևորել է անտեղյակություն: 2007թ.-ին այս թիվը կազմում էր ընդամենը 19%:
Չնայած ռուսաստանցիների 62%-ը Ստալինի համարում է միլիոնավոր մարդկանց մահվան մեջ մեղավոր դաժան բռնապետ, սակայն հարցվածների ավելի քան մեկ երրորդը դրական են վերաբերվում «ժողովուրդների առաջնորդին» հայտնելով այս անձնավորության նկատմամբ իրենց հիացմունքը, հարգանքն ու համակրանքը: Իսկ 54%-ը դրական կարծիք է արտահայտվել Ստալինի գործունեության վերաբերյալ: