Գյումրու կենդանաբանական այգու կենդանիների հետ կատարվածի դասերը
Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու և դրանում գտնվող գիշատիչների մասին տարեսկզբին սկիզբ առած սկանդալի արդյունքում բնապահպանության ոլորտի կազմակերպիչները օրենսդրական նախագիծ են մշակել, որն այսօր քննարկվեց ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցրերի մշտական հանձնաժողովում:
«Գյումրու գազանանոցի հետ կապված աղմուկից հասկացանք, որ օրենսդրական բացեր ունենք»,-քննարկման ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ անհատ գործարար Վարդան Ստեփանյանին պատկանող կենդանաբանական այգին երկար ժամանակ անտերության էր մատնվել, իսկ դրա գիշատիչները՝ վագրերն ու արջերը տանջվում էին սովից: Խնդրին անդրադարձավ բրիտանական մամուլը, և բնապահպանների մի խումբ, ի պաշտպանություն կենդանիների, դրամահավաք նախաձեռնեց և անգամ արտերկրից մտահոգ մարդիկ փոխանցումներ էին կատարում: Արդյունքում այգու 2 արջերը տեղափոխվեցին Ռումինիա, իսկ 3 վագրերը Ուրցաձորի վերականգնողական կենտրոնում են գտնվում
Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, այսօր հանձնաժողովի նիստում ներկայացնելով օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը, տեղեկացրեց, որ առաջարկում են, որ յուրաքանչյուր ոք, ով կիսաազատ կամ ազատ պայմաններում վայրի կենդանի է պահում, պատասխանատվություն պետք է կրի այդ կենդանու համար ու տարեկան գումար վճարի:
Ըստ պաշտոնյայի, արդյունքում, կձևավորվի համապատասխան դրամագլուխ, որը ռիսկային դեպքերում և ֆորսմաժորային իրավիճակներում հայտնված կենդանատեսակների խնդիրներին արագ լուծումների հնարավորություն կտա:
Բացի այդ, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կհայտարարվի խստացված ռեժիմ, կենդանիները կգրանցվեն և կհամարակալվեն:
Քննարկմանը ներկա պատգամավորներից Վահագն Մախսուդյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չպատժվեց այգու սեփականատերը, քանի որ կենդանիներին, ըստ էության խոշտանգել էր՝ նրանց թողնելով վատ պայմաններում:
Ի պատասխան Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանն ընդունեց, որ Գյումրու գազանանոցի սեփականատերը պետք է խստագույն պատիժն ստանար, բայց նրա հանդեպ մեղմ են վարվել, քանի որ վերջինը գտնվում էր սնանկացման գործընթացում:
«Մենք զերծ մնացինք պատիժներից` կենտրոնանալով կենդանիներին փրկելու վրա», -հավելեց փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Մաշան ու Միշան անվերադարձ կտեղափոխվեն Ռումինիա
- Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու կենդանիների խնդիրները լուծված են
- Գյումրու կենդանաբանական այգու 3 առյուծները կտեղափոխվեն Ուրցաձոր
- Գյումրու կենդանաբանական այգու արջերը տեղափոխվել են Երևան` բուժզննման
- Գյումրիի կենդանաբանական այգին մեր երկիրը պախարակող տեղ է. Նարե Արամյան
- Գյումրիի կենդանաբանական այգու հյուծված գիշատիչները շուտով կտեղափոխվեն Ռումինիա
- Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու կենդանիների խնդիրները