
Մենաշնորհի դեմ պայքարը սկսել ենք մեր նախարարությունից. Արծվիկ Մինասյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստվում է ներկայացնել տնտեսության բոլոր ուղղություններով, այդ թվում` մենաշնորհների դեմ պայքարին վերաբերող ծրագիր:
Նրա խոսքերով՝ մենաշնորհների դեմ պայքարի տեսանկյունից Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ստանձնի քաղաքականություն մշակողի հիմնական դերակատարությունը: Մյուս կողմից առաջադրի կոնկրետ լուծումներ բոլոր այն պետական մարմինների համար, որոնց համակարգում կան ձեռնարկություններ, ծառայություններ, որոնք շուկայում կարող են գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունենալ:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ մենաշնորհի դեմ պայքարը սկսել են իրենց նախարարությունից: Ըստ նրա՝ նախարարությունում է գործում Ստանդարտների, Չափագիտության ազգային ինստիտուտները, Հավատարմագրման ազգային մարմինը և այս ուղղություններով պրակտիկայում պետք է ցույց տան, որ հակամենաշնորհային քաղաքականությունը նաև իրենք են իրականացնում:
«Ցավոք սրտի, մրցակցային վիճակի վատթարացումը կախված է նաև մեզնից: Օրինակ, եթե մեր համակարգում գործող որևէ ընկերություն մասնակցում է որևէ մրցույթի, պայմանները պետք է հավասար լինեն բոլորի համար: Չի կարող որևէ մեկը ստանա չհիմնավորված առավելություն կամ արտոնություն: Սա պրակտիկ գործադրում է»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Դիտարկմանը, թե այս նախաձեռնության ժամանակ ինչ հակազդեցությունների կարող է հանդիպել և, հնարավո՞ր է, որ դրա դեմ չկարողանա դիմակայել, նախարարը պատասխանեց. «Սրանք Սահմանադրությունից բխող գործողություններ են: Ես վստահ եմ, որ թե՛ կառավարության իմ մյուս գործընկերների, թե՛ հանրապետության նախագահի աջակցությունը Էկոնոմիկայի նախարարությունը կստանա և ստանալուց հետո արդյունքներն արդեն ինքներդ կգնահատեք»: