Բացառելու ենք անորակ բենզինի, գազի մուտքը Հայաստան. Էկոնոմիկայի նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկայում տնտեսության ոլորտում տեղի կունենան երկու-երեք կոնկրետ գործողություններ՝ կապված շուկայում պատշաճ վերահսկողության հետ:
Դա, ըստ նրա, վերաբերում է նաև ոչ պարենային ապրանքների շուկային:
«Կտեսնենք այնպիսի վերահսկողական համակարգի գործադրում, որը կբացառի անորակ բենզինի, գազի, սարքավորումների, խաղալիքների մուտքը և շրջանառությունը Հայաստանի տարածքում»,- ընդգծեց նախարարը:
Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ երկրորդ կարևոր ուղղությունը շուկայում տնտեսական մրցակցության պաշտպանության որոշակի էլեմենտների կիրառումն է:
«Հիմա ես փակագծեր չեմ բացի: Երբ որ արդյունք կունենանք, այն ժամանակ դուք ինքներդ կգնահատեք»,- ասաց նախարարը:
Երրորդ կարևոր ուղղությունն էլ, ըստ նրա, օդային փոխադրումների ոլորտում է, որտեղ ջանքեր են գործադրվում՝ հնարավորինս մեծ և որակյալ օդային փոխադրումների ծառայություններ մատուցողների մուտքը ապահովել Հայաստանի օդային տարածք, ինչի արդյունքում կզարգանա տնտեսության կարևոր ոլորտներից մեկը՝ զբոսաշրջությունը: