Մենք պատրաստ ենք աջակցելու ՏՏ զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը. վարչապետ
Երևանում այսօր տեղի ունեցավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 16-րդ համագումարը, որին մասնակցում էին ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ինչպես նաև ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համագումարի բացմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Կառավարությունը էապես կարևորում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում:
Ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով, ըստ վարչապետի, ՀՀ կառավարությունը ԻՏՁՄ-ի հետ համատեղ ձեռնամուխ է եղել հանրապետության դպրոցներում ռոբոտատեխնիկայի և ինժեներիայի լաբորատորիաների-խմբակների ստեղծմանը, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են:
Բացի այդ, կառավարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից ներկայում համատեղ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:
«Մեր համագործակցությունը այսուհետ ևս շարունակական բնույթ է կրելու: Մենք բաց ենք նոր ծրագրերի, նախաձեռնությունների քննարկման և համատեղ իրագործման համար»,- ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և, հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է:
Ըստ վարչապետի՝ Հայաստանի ՏՏ ոլորտում առկա է մեծ ներուժ և անհրաժեշտ է հնարավորինս օժանդակել դրա իրացմանը: «Վերջին տարիներին այս ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց: 2008-2015թթ. ընթացքում գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից ոլորտում վարվող արդյունավետ քաղաքականությամբ»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքերով՝ տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտների նորագույն լուծումներն այսօր հաջողությամբ կիրառվում են տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը մեծապես նպաստում է տնտեսության ընդհանուր առաջընթացին, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը: Միաժամանակ նա նշեց, ոչ չեն բավարարվում ոլորտի ներկայիս ձեռքբերումներով և հետևողականորեն շարունակելու են խթանել Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը ուղղված բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների իրականացումը: «Մենք պատրաստ ենք աջակցելու ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ համագումարի շրջանակներում ԻՏՁՄ-ի և ՀՀ Կառավարության միջև կնքվեց համագործակցության հուշագիր :
Համագումարի ընթացքում ներկայացվեց «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում» ծրագիրը, միևնույն ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ հաշվետու ու գործառնական զեկույցներ :