Բակո Սահակյանը սահմանադրական բարեփոխումների առաջնային փուլում կարևորագույն մեսիջներ է արել. Դավիթ Բաբայան
Արցախում մեկնարկած Սահմանադրական բարեփոխումների գործընթացը, եթե ամեն ինչ հասարակության ու իշխանությունների սրտով լինի, հավանաբար, կավարտվի կամ այս տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին կայանալիք հանրաքվեով:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ երկրում մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, այն գտնվում է ամենասկզբնական փուլում ու դեռ վաղ է խոսել՝ երբ և ինչպես կավարտվի:
«Գիտեք, որ ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Այն ստեղծվել է հենց խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ու արտախորհրդարանական մի շարք կուսակցությունների առաջարկով: Այդ հանձնաժողովը պետք է իրականացնի համապատասխան գործողություն: Մինչև մայիսի 1-ը պետք է հայեցակարգը ներկայացվի նախագահին և հենց հայեցակարգում էլ լինելու է տեսլականը, հիմնականը, թե ինչպիսի տեսք ու ձև է ընդունելու կառավարման համակարգը», -հավելեց պարոն Բաբայանը:
Նրա խոսքով, հնարավոր է լինեն առաջարկներ ու դրանց ընդունելի լինելու պարագայում կմշակվի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որն արդեն երկրի նախագահին, ըստ ժամանակացուցյի, կներկայացվի մինչև սեպտեմբերի 10-ը:
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը եթե հավանության արժանանա երկրի նախագահհի, ու խորհրդարանի կողմից, կդրվի համազգային հանրաքվեի:
«Բայց այնքան շատ «եթե»-ներ կան, որ հստակ ոչինչ ասել հնարավոր չէ: Դա շատ բնական է, քանի որ գտնվում ենք գործընթացի առաջնային փուլում: Բավական ակտիվ գործընթաց է լինելու, տեսնենք՝ ինչպես կավարտվի», -ասաց Բաբայանը՝ նկատելով, որ ամեն ինչ հարթ լինելու դեպքում հանրաքվեն կկայանա կամ տարեվերջին կամ մյուս տարեսկզբին:
Հարցին, թե ինչո՞ւ Արցախում Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն առաջացավ, Բաբայանն ասաց, որ դրա անհրաժեշտության մասին բարձրաձայնել են երկրի քաղաքական ուժերը:
«Գիտեք, քաղաքական ուժերն են ներկայացրել այս առաջարկը, նրանք իրենց հիմնավորումներն ու իրենց տեսլականն ունեն: Ոմանք ասում են՝ արդեն հասունացել է պահը, որ մեծ դերակատարություն ունենան քաղաքական ուժերը, կուսակցությունները: Միաժամանակ, նշեմ, որ մեկ բան է պարզ ու ակնհայտ՝ ինչպիսի փոփոխություն էլ լինի, միևնույնն է մի շարք կարևորագույն հիմքեր երբևէ չեն փոխվելու: Այսինքն՝ Արցախը միշտ մնալու է անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն, որտեղ լինելու է շուկայական տնտեսություն ու սոցիալական համակարգ: Այս հիմնադրույթները երբևիցե չեն փոխվելու ցանկացած փոփոխության դեպքում», -նշեց Արցախի նախագահի խոսնակը:
Ինչ վերաբերում է կառավարման համակարգի վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշումներին, Բաբայանն ասաց, որ կան մոտեցումներ, որոնք ավելի հակված են ուժեղացնել նախագահական համակարգը, մոտեցումներ էլ կան, որ պնդում են, թե խորհրդարանն ավելի մեծ դերակատարում պետք է ունենա:
Հետաքրքրվեցինք, թե ինքը՝ Բակո Սահակյանն ի՞նչ դիրքորոշում ունի, Արցախում կառավարման ո՞ր համակարգի կողմնակիցն է, Բաբայանը պատասխանեց.
«Նա դիրքորոշում չի հայտնել այս կամ այն համակարգի կողմ կամ դեմ լինելու վերաբերյալ: Բայց երեկ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ կայացած խորհրդակցության ժամանակ մի քանի կարևորագույն մեսիջներ է հղել: Ասել է, որ բարեփոխումների հիմքում պետք է լինի ժողովրդավարության, իրավունքի ամրապնդումը, իշխանությունների հավասարակշռման ու զսպման մեխանիզմների ամրագրումը, պետական կառավարման արդյուանվետության կատարելագործումը: Նաև կարևոր է համարել, որ գործընթացը լինի պարզ ու թափանցիկ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան