Համայնքապետի թեկնածու կանանց կեսն ինքնաբացարկ է հայտնել
Ապրիլի 17-ին համայնքապետի ընտրություններ են կայանալու Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի 33 համայնքներում: Դրանցից միայն չորս գյուղական համայնքներում էր (մեկը՝ Արմավիրում, երեքը՝ Լոռիում), որ կանայք էին առաջադրվել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում հրապարակված տեղեկությունների համաձայն, Լոռու մարզի Դաշտադեմ համայնքում առաջադրվել է գործող գյուղապետը՝ ՀՀԿ-ական Մարինե Խռոյանը: Նա այս պահին գրանցված միակ թեկնածուն է: Նրա հետ առաջադրված թեկնածուն՝ անկուսակցական Վահան Աղայանն ինքնաբացարկ է հայտնել:
Մյուս համայնքներում կանայք են ինքնաբացարկ հայտնողը: Խնկոյան համայնքում ՀՀԿ-ական գործող գյուղապետ Վարուժան Համբարձումյանի դեմ առաջադրվել էր անկուսակցական Ռուզանը Համբարձումյանը: Նա գյուղապետի եղբոր աղջիկն է: ԿԸՀ-ից տեղեկացանք, որ ինքնաբացարկ է հայտնել:
Սարչապետ համայնքում ՀՀԿ-ական գործող գյուղապետ Բորիս Բարոյանի հետ առաջադրվել էր գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար, անկուսակցական Անժելա Մարտիրոսյանը: Նա արդեն ինքնաբացարկ է հայտնել:
Հաջորդ կին թեկնածուն Արմավիրի մարզի Այգեկ համայնքում է առաջադրվել: Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել է գործող գյուղապետի՝ Վարուժան Աբրահամյանի թեկնածությունը: Այս պահին գրանցված թեկնածու է նաև Այգեկի գյուղապետարանում որպես օպերատոր աշխատող, ՀՀԿ-ական Քնարիկ Եղիազարյանը: Չի բացառվում, որ ինքնաբացարկի դիմումների ներկայացման համար սահմանված ժամկետում նա էլ կհետևի մյուս կին թեկնածուների օգտին:
Հիշեցնենք, որ գործող Ընտրական օրենսգիրքը սահմանում է. «Համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից»:
Օրենքի այս պահանջն ապահովելու համար երբեմն կանայք ձևականորեն առաջադրվում են, ապա ինքնաբացարկ հայտնում:
Ապրիլի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվել է մարտի 23-ին: Գրանցված թեկնածուները կարող են ինքնաբացարկի մասին դիմումներ ներկայացնել մինչև ապրիլի 7-ը ժամը 18:00-ն:
Նշենք, որ Հայաստանում այս պահին 915 համայնքապետերից միայն 18-ն են կանայք:
Հանրապետության որևէ քաղաք կին չի ղեկավարում, կանայք ներկայացված են միայն գյուղական համայնքների ղեկավարների պաշտոններում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին