Գերմանիայի արդարադատության նախարարը զգուշացրել է երկրում հավանական ահաբեկչությունների մասին
Գերմանիայի արդարադատության և սպառողների իրավունքների պաշտպանության նախարար Հայկո Մաասը նախազգուշացրել է, որ Գերմանիան չպետք է հույս ունենա այն հարցում, թե ահաբեկչությունների շղթան կշրջանցի իրեն: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ, նախարարը հայտարարել է «Saarbrücker Zeitung»-ին տված հարցազրույցում:
«Բացարձակ անվտանգություն, ցավոք սրտի, դեմոկրատական երկրում ոչ մեկ չի կարող երաշխավորել»,-նշել է նախարարը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ հակառակ լուրջ իրադրությանը՝ պանիկայի մատնվել չի կարելի:
Մաասի խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները ավելացրել են անվտանգության աշխատակիցների թիվը գլխավոր կայարաններում, ինչպես նաև հաճախացրել են փաստաթղթերի ստուգման գործընթացը:
«Եթե մենք այսօր կաթվածահար լինենք վախից, ապա դա կնշանակի, որ ահաբեկիչները հասել են իրենց ուզածին»,-հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարարը՝ կոչ անելով զերծ մնալ համանման սցենարից: