Գագիկ Սուրենյան. Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Առաջիկա օրերին հանրապետության տարածքը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում: ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մարտի 25-27-ին ցիկլոնը հատկապես ակտիվություն կցուցաբերի կեսօրից հետո և երեկոյան ժամերին:
Դրա արդյունքում նշված ժամանակահատվածում շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:
«Մարտի 28-ից ցիկլոնի ուժը կմեծանա և իր պիկին կհասնի մարտի 29-ին: Մարտի 28-29-ին բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 29-ին լեռնային առանձին մարզերում ձյան տեսքով: Մարտի 30-ից տեղումները աստիճանաբար կդադարեն և կպահպանվեն միայն Սյունիքում ու Արցախում»,- ասաց նա:
Սուրենյանի ներկայացրած կանխատեսումների համաձայն, օդի ջերմաստիճանը այսօր բավականին բարձր կլինի հանրապետության բոլոր մարզերում, Տավուշում, Սյունիքի հովիտներում այն ցերեկը կհասնի +22...+25 աստիճանի, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +18...+20-ի:
«Սակայն մարտի 27-29-ին օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար նվազել ընդհանուր առմամբ մոտ 8-10 աստիճանով և արդեն մարտի 29-ի ցերեկը Երևանում ջերմաստիճանը չի գերազանցի +10...+12 աստիճանը: Մարտի 30-ից սկսած եղանակը կսկսի կրկին տաքանալ»,-ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները